Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատի վերաբերյալ

Եվրամիությունը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատի վերաբերյալ
Հայաստան
14:49, 21 октябрь 2022
Եվրոպական միության՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու վերաբերյալ որոշմանը հետամուտ՝ հոկտեմբերի 20-ին մեկնարկել է ԵՄ դիտորդական կարողության գործունեությունը։ Ստորև՝ մի շարք փաստեր առաքելության վերաբերյալ։  

Ինչու՞ է ԵՄ-ը Հայաստան ուղարկում դիտորդական կարողություն 

ԵՄ դիտորդական կարողությունն արձագանքն է Նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի միջև քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ․ Բորելի առաջարկով՝ Դիտորդական կարողություն ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից։ Առաջին դիտորդ-փորձագետները «գետնի վրա» գործունեությունը սկսել են հոկտեմբերի 20-ից։ Առաքելության մանդատը ներառում է իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մերձակա շրջաններում՝ աջակցելու  երկու երկրների միջև վստահության կառուցմանը և հնարավոր դարձնելու ԵՄ առավել առարկայական աջակցությունը սահմանային հանձնաժողովներին։  

Ի՞նչ է հստակ կատարելու ԵՄ դիտորդական կարողությունը Հայաստանում

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունն իրագործելու է հետևյալ երկու առանցքային  առաջադրանքները․

 1) աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը դիտարկելով երկու կողմերի հավատարմությունը հրադադարի պահպանմանը,

2)  ռազմական դիրքերի և հրադադարի վերաբերյալ գետնի վրա տեղի ունեցող զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով ԵՄ խումբը կիրականացնի  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն։ Դա հնարավոր կդարձնի ԵՄ առավել առարկայական աջակցությունը երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։  

Ո՞րն է ԵՄ դիտորդական կարողության տեղակայման հստակ վայրը

Պատասխանատվության գոտին (AoR) Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմն է։

Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը ռազմական առաքելություն է

Ոչ։ Կտեղակայվեն բացառապես քաղաքացիական դիտորդներ։ 

Ի՞նչ կազմով է հանդես գալու ԵՄ դիտորդական կարողությունը

Խումբը բաղկացած է առավելագույնը 40 ԵՄ քաղաքացիական դիտորդ- փորձագետներից, որոնք տեղակայվելու են երկու ամիս ժամկետով:

Արդյո՞ք նմանատիպ ԵՄ դիտորդական կարողություն կտեղակայվի Ադրբեջանում

Ոչ: ԵՄ դիտորդական կարողությունը կտեղակայվի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Հիմնական նպատակն է աջակցել երկու երկրների միջև վստահության կառուցմանը` դիտարկելով նրանց հավատարմությունը հրադադարի պահպանմանը:

Ո՞րն էր հոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանած տեխնիկական գնահատման առաքելության դերը

Հայաստան ժամանած ԵՄ փորձագետների տեխնիկական գնահատման առաքելությունը նախատեսում էր ճանապարհ բացել ԵՄ դիտորդական կարողության տեղակայման համար։ Նրա դերն էր հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, տեղում իրականացնել գնահատում և հաստատել կապեր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ:

Ո՞րն է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության տեղակայման գործում

ԵՄ դիտորդական կարողության արագ ծավալումն ապահովելու նպատակով տեղակայվում են Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) փորձագետները: Վրաստանում ԵՄԴԱ-ն օպերատիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի որոշումը բացասական ազդեցություն չթողնի Վրաստանում դիտորդական կարողության վրա։ ԵՄԴԱ-ն կշարունակի Վրաստանում իր գործունեությունը բոլոր օպերատիվ ուղղություններում։ Սա ներառում է ամենօրյա շուրջօրյա դիտորդության  ներկայություն վարչական սահմանագծերի երկայնքով՝ Վրաստանում և ավելի լայն տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Վրաստանում ԵՄ առաքելությունը շարունակում է նվիրված մնալ իր մանդատի ամբողջական  իրականացմանը:

Ի՞նչն է դիտարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ դիտորդական կարողությունը

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տեղակայված ռազմական դիրքերի, հրադադարի զարգացումների վերաբերյալ։ Դա հնարավոր կդարձնի ԵՄ առավել առարկայական աջակցությունը երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։ ԵՄ դիտորդները նաև կտրամադրեն դիտարկումներ երկկողմ սահմանի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող զարգացումների վերաբերյալ։ Նրանք չեն ունենա քննություն իրականացնող դերակատարում։ 

Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը կտա եզրակացություններ առ այն, թե որ կողմն է սկսել սեպտեմբերի 13-ի էսկալացիան և հետագա սրացումներ կանխելու համար քայլեր ձեռնարկելու առաջարկություններ կներկայացնի 

ԵՄ դիտորդական կարողությունը երկկողմ սահմանի երկայնքով իր դիտարկումների մասին կզեկուցի ԵՄ համապատասխան կառույցներին և ծառայություններին: Այն չի ստանձնի ինքնակամ դեր և իր բացահայտումների հիման վրա քաղաքական բնույթի եզրակացություններ չի անի։

Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը և ԵԱՀԿ գնահատման առաքելությունը համագործակցում են

Այս երկու առաքելություններն առանձին են՝ ունեն երկու տարբեր մանդատներ: ԵՄ դիտորդական կարողությունը կապի մեջ կլինի բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետ: ԵՄ դիտորդական կարողության և ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերի միջև համընկնում չկա:

Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանն ուղղված ԵՄ աջակցության  միակ միջոցն է   

Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիման վրա ԵՄ-ը սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացն առաջնորդելու գործում։ Մինչ օրս՝ անցյալ տարվա ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև չորս եռակողմ հանդիպում։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել 10 հայ ռազմագերիների, ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ խաղաղ գործընթացով առաջ ընթանալու վերաբերյալ: Հետագա հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին և 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Միության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը նույնպես ներգրավված է և կանոնավոր շփումներ ունի երկու կողմերի ԱԳ նախարարների հետ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ա․ Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հ․ Հաջիևի միջև, որոնք հյուրընկալվել են Բրյուսելում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ․ Կլաարի և  Եվրոպական խորհրդի նախագահի խորհրդական Մ․ Գրոնոյի կողմից։ ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տ․ Կլաարը՝ իր մանդատի համաձայն և ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի կողմից ստացված առաջադրանքների շրջանակներում նաև անձամբ հաճախակի խորհրդակցական հանդիպումներ է ունեցել երկու երկրների առաջնորդների հետ: