Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ի արտահերթ նիստում կընդունվի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետին հարցրեց, թե, երբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, մինչ այս պահն ունե՞նք որևէ պաշտոնական արձագանք ՀԱՊԿ-ից և ինչ ակնկալիքներ ունենք այս իրավիճակում։ 

Ի պատասխան վարչապետն ասաց, որ այո՛, դիմել են ՀԱՊԿ-ին և նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը, և հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն այդ զեկույցը։

«Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Ո՞րն է մեր ակնկալիքը․ առաջին, շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս երկու ակնկալիքներն են, որը կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի կառավարության ակնկալիքն է, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի ակնկալիքն է»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում