Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը վարչապետից հետաքրքրվեց, թե որքանով է խաղաղության պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ ու ընդհանրապես կա՞ հավանականություն, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև այս տարվա ավարտը։ 

Ի պատասխան վարչապետն ասաց, որ կցանկանա, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ։

«Ինչքանո՞վ է դա իրատեսական։ Ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական։ Կա մի այսպիսի կարևոր հանգամանք, և դա կարևոր նրբություն է, մենք հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Ինչքանո՞վ է դա իրատեսական․ եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմանները, ըստ էության, հայտնի են», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև:

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն: Շատ լավ կլինի, և շատ գոհ կլինեմ, եթե կարողանանք դա անել։ Մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ ձեր ասածը տեղի ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում