Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Կարեն Սերոբիչը և Վազգեն Սարգսյանը կենդանի մնային, մենք կունենայինք Իսրայելի պես պետություն. Սասուն Միքայելյան. տեսանյութ

«Այսօրվա պարտությունը «Հոկտեմբերի 27»-ն էր, որը տեղի ունեցավ նախկին իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է  բացահայտմանը, բնականաբար դուք էլ գիտեք, որ դեռ չի բացահայտվել, բայց կբացահայտվի։ Ընդհանուր երկրի իրավիճակը գիտեք ինչ է, ինձ թվում է՝ ընթացքում  մեր իշխանությունները կբացահայտեն այս գործը։ Այս գործը պիտի բացահայտվի»,- այս մասին այսօր Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Այնուհետև խոսելով այն մասին, թե ինչպիսի Հայաստան կունենայինք, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե Կարեն Սերոբիչը և Վագզեն Սարգսյանը կենդանի մնային, այսօր մենք կունենայինք Իսրայելի պես պետություն, հզոր պետություն այս տարածաշրջանում։ 

«Սպարապետի ժամանակ մեր տարածաշրջանում, վերցնենք Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հայոց բանակն ամենամարտունակ բանակն էր։ Ժամանակին կային տարբեր կուսակցական պատկանելության ջոկատներ, բայց չունենալով բանակ՝ սպարապետն այն ժամանակ կարողացավ մեզ բոլորիս համախմբել, և մենք գրեթե 700 տարի հետո տարանք հաղթանակ, ու երկրապահի հենքի վրա ձևավորվեց Հայոց բանակը։ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը շատ մեծ է եղել, և ցավոք սրտի, եթե վերցնում ենք պատմությունը՝ դարերից եկած, հայը միշտ հայի ձեռքով է պարտվել, դավաճանություն միշտ եղել է, որը եղավ էդ ժամանակ, եղավ 44-օրյա պատերազմում»,- ասաց Սասուն Միքայելյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան