Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ռեսուրսներն առավելագույնս պետք է պատրաստ լինեն ձմռանը. խնդիրը ընդլայնված կազմով քննարկում քաղաքապետարանում

Երևանի ռեսուրսներն առավելագույնս պետք է պատրաստ լինեն ձմռանը. խնդիրը ընդլայնված կազմով քննարկում քաղաքապետարանում
Հայաստան
21:45, 28 октябрь 2022
Հայաստանի մայրաքաղաքում ձնամաքրման համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, գործընթացին կներգրավվեն ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 637 աշխատակից: Ձնամաքրման համար կօգտագործվի համայնքային երկու կառույցների 81 միավոր տեխնիկան:

Ըստ աղբյուրի՝ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում ներգրավել համատիրություններին, իսկ համայնքը դրանց կաջակցի անհրաժեշտ քանակի աղ ու ավազով:

Նշվում է, որ եթե մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ապա մայթերի մաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Կամո Արեյանը կարևորել է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ավագանու սահմանած կարգի համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Բազմաբնակարան շենքերի տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման հարցում համայնքին կաջակցի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարչական շրջաններում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքները:

Մայրաքաղաքի կրթական օջախներում ու առողջապահական հիմնարկներում էլ աշխատանքներ են տարվում ջեռուցման սեզոնի մեկնարկի ուղղությամբ:

Զեկուցվել է, որ համայնքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն ամբողջությամբ ապահովված են ձմեռային անվադողերով: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է աշխատանքներ տանել նաև քաղաքային երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք ևս պատրաստ լինեն ձմռանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով, որ ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է, Պարեկային ծառայությանն առաջարկվել է այդ ուղղությամբ խստացնել հսկողությունը:

Կարևորելով թիմային աշխատանքի ապահովումը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ընդգծել է, որ եղած ռեսուրսներն առավելագույնը պետք է պատրաստ լինեն ձմռանը: