Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովն է հանրահավաքի նախաձեռնողը ու հրահանգողը. Արման Բաբաջանյան

Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովն է հանրահավաքի նախաձեռնողը ու հրահանգողը. Արման Բաբաջանյան
Հայաստան
19:59, 29 октябрь 2022
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին, Ստեփանակերտում համաարցախյան հանրահավաք է՝ հաջակցություն այսպես կոչված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ռուսական կամ մոսկովյան տարբերակի: 

Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովն է հանրահավաքի նախաձեռնողը ու հրահանգողը՝ ըստ որի, եթե Հայաստանը հրաժարվի կարգավորման ռուսական տարբերակից խաղաղապահ առաքելությունը լքելու է Արցախը:

Չեմ ուզում առհասարակ քննարկել ռուսական խաղաղապահների ներկայությամբ այս տարի գարնանը Փարուխի շուրջ իրադարձությունների, ադրբեջանցիների կողմից այլ ռազմավարական բարձունքներում դիրքավորվելու գործում նույն ռուս խաղաղապահության դերակատարությունը: 

Չգիտեմ, ինչու, արցախցիները ոչ մի հանրահավաք, ակցիա չարեցին այն ժամանակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն էր հարձակման ենթարկվել և Հայաստանն իր գոյության ճակատագրական հանգրվանում էր:

Արցախցիներին սխալմամբ թվում է կամ նրանց չարամտորեն համոզել են, որ իրենք որևէ դեր, դերակատարում չպետք է ունենան կարգավորման գործընթացում: 

Ստեփանակերտը պետք է ոչ թե Երևանի առաջ պահանջներ դնի, այլ ինքը պետք է դիմի միջազգային հանրությանը, որ այսուհետ Երևանը չի ներկայացնում Արցախին:

Նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պետք է պահանջեն այցելել ոչ թե Երևան, այլ Ստեփանակերտ:

Արցախը պետք է օրնիբուն սկսի աշխատել իր սուբյեկտայնության վերականգման ուղղությամբ: 

Ռուսների փեշերից անվերջ կախվելու փոխարեն ինտենսիվ պետք է շփվել, աշխատել միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների մայրաքաղաքների հետ:

Զուգահեռաբար պետք է ամենայն պատասխանատվությամբ միջազգային մեխանիզմների և երաշխիքների ներդրմամբ  պատրաստվել Բաքվի հետ դժվարագույն խոսակցության, բանակցությունների: 

Սա է Արցախը փրկելու Արցախը հայկական պահելու գուցե բարդ, երկար, բայց միակ ճանապարհը: 

Ուզենք կամ ոչ, ռուսական խաղաղապահությունը ժամանակավոր ներկայություն է Արցախում: 

Այսօր, առավել ևս, ռուսական խաղաղապահ ներկայության էֆեկտիվությունը կասկած է հարուցում, պետք է մտածել երկարաժամկետ միջազգային, իրական անվտանգային մեխանիզմների ներդրման մասին: 

Որքան էլ բարդ ու դժվար է, բայց պետք է հասկանալ՝ մաքուր հայ-ռուսական հարաբերություն վաղուց գոյություն չունի: Արդեն տևական ժամանակ է հայ-ռուսական հարբերություններում  ներկա են Անկարան և Բաքուն և մենք չենք կարող դա հաշվի չառնել որևէ խնդիր պլանավորելիս:

Ձեր հանրահավաքները արժեք կունենային եթե դրանք աջակցություն գտնեին  Հայաստանում, ուղղված լինեին Հայրենիքի հզորացմանը, հայ ժողովրդի միանականությանը և  Հայաստանի հարատևությանը: