Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանության պետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երթևեկության վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման հարցեր

ՀՀ ոստիկանության պետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երթևեկության վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման հարցեր
Հայաստան
22:06, 03 ноябрь 2022
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։

«ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին փոխանցեց Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքը հայտնեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Բոլատ Իմանբաևը, բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը, ներկայացրեց Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ խոսվել է տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում է կայացվել այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։