Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվել են Կարբիի բնակչուհու մահվան հանգամանքները, ձերբակալվել է կնոջ որդին. ՔԿ

Պարզվել են Կարբիի բնակչուհու մահվան հանգամանքները, ձերբակալվել է կնոջ որդին. ՔԿ
Հայաստան
15:12, 06 ноябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները:
 
Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1979թ.: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
 
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:
 
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: