Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատմում են, որ հիվանդանոցի ճանապարհին աղոթել է, ասել է՝ ուզում եմ ապրեմ, բայց սիրտը կանգ է առել»․ 25-ամյա հերոս Ռաֆիկ Օրդյանը 22 անօդաչու սարք է խոցել

«Պատմում են, որ հիվանդանոցի ճանապարհին աղոթել է, ասել է՝ ուզում եմ ապրեմ, բայց սիրտը կանգ է առել»․ 25-ամյա հերոս Ռաֆիկ Օրդյանը 22 անօդաչու սարք է խոցել
Հայաստան
18:24, 18 апрель 2021
Պատերազմի ժամանակ 22 անօդաչու սարք խոցած պայմանագրային զինծառայող Ռաֆիկ Օրդյանը դեռ ժամկետային ծառայության ընթացքում էր հասկացել, որ իր գործն հայրենիքին ծառայելը պետք է լինի: Ընդունվել և սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանում՝ հակաօդային պաշտպանության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո մեկնել Շուշի ծառայության՝ որպես լեյտենանտ: Քանի որ իր տեխնիկան գտնվել է Աղդամում, մեկնել է Աղդամ՝ որպես հակաօդային պաշտպանության սպա՝ «ՕսաԱԿ» հաշվարկի հրամանատար:

Մինչ պատերազմը Ռաֆիկը ևս 2 անօդաչու սարք է ոչնչացրել:

«Կհիշեք երևի, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որտեղ երիտասարդ զինվորները՝ խոցելով անօդաչուն, գոռում են՝ կպավ, կպավ: Դա ինքն էր, ինքն է խոցել»,- պատմում է նրա սիրելին, 25 ամյա Ալինան:

Ալինան ու Ռաֆիկը 5 տարի է միասին են: Վերջերս են  նշանադրվել ու շուտով պետք է ամուսնանային:

«Պատերազմից առաջ, երբ եկավ, ծրագրով շահել էր հնարավորություն՝ հիփոթեկով բնակարան վերցնելու: Դա էլ էինք վերցրել, բայց դա էլ բանկում մնաց, չհաստատեցին մինչև վերջ: Պատերազմի օրերին ասաց՝ զանգիր, տես՝ ինչո՞ւ են ուշացնում, ասա՝ կարո՞ղ է սպասում եք, տեսնենք՝ ով է զոհվում, ով  է մնում, որ իր բնակարանը հաստատեք», - պատմում է Ալինան:

Ալինան մասնագիտությամբ հոգեբան է և պատերազմի ընթացքում աշխատել է վիրավոր զինվորների  հետ: Այդ օրերին մշտապես կապի մեջ են եղել Ռաֆիկի հետ: Ալինայի խոսքով՝ զինվորները բոլորը սպասում ունեին, որ պատերազմը շուտ կավարտվի. «Նա էլ անընդհատ ինձնից ինֆորմացիա էր հարցնում, թե ի՞նչ է կատարվում, բայց համոզված էր, որ հաղթելու ենք: Ես էլ էստեղից զինվորներից հավելյալ  ինֆորմացիա էի ստանում ու հասկանում, որ իրավիճակը բարդ է»:

Ռաֆիկը պատերազմից առաջ արձակուրդում է եղել և Ալինայի խոսքով՝ շատ լավ տրամադրությամբ է վերադարձել Արցախ, նշել, որ իր կյանքի ամենալավ արձակուրդն էր դա: 

«Պատերազմի ընթացքում  իր տրամադրությունը հիմնականում բարձր էր: Բայց, 15-րդ օրն էր արդեն, շատ կտրուկ ձևով ասաց՝ ինչ լավ է, որ մենք չենք ամուսնացել: Ընթացքում, որ ուներ ընտանիք ունեցող ծանոթներ, որոնք զոհվում էին, զգում էի, որ դա մեծ ցավ էր իր համար, երբ ընտանիք, երեխա էին թողնում իրենց ետևից»,- պատմում է Ալինան:

Ռաֆիկը ամբողջ պատերազմի ընթացքում կռվել է Աղդամում: Նոյեմբերի 9-ին հերթական հրամանն են ստացել, որ մուտք գործեն տեխնիկա: Բայց բայրաքթարն արդեն 30 րոպե նկարելիս է եղել նրանց, և ներս մտնելուց 4 րոպե անց խոցել. «Ինքն է զոհվել ու մեխանիկ վարորդը: Իր կողքին  գտնվող երկու զինվորները հաշվարկի կամզից են եղել, փրկվել են»: 
 
Ալինայի խոսքով՝ չնայած Ռաֆիկի զգացմունքային տեսակին, պատերազմում նա շատ համարձակ է դրսևորել իրեն. «Շատ զինվորներ վախենում էին մտնել տեխնիկայի մեջ: Գիտեին, որ կխոցեն: Իրենք էդպես չեն մտածել: Իրենք մտածել  են՝ եթե մենք չանենք դա, այդ անօդաչուն ուրիշների կյանքին է սպառնալու, ուրիշների կյանքն է տանելու»:

Մեզ հետ զրուցելիս Ալինան մեծ ջերմությամբ է հիշում իրենց նշանադրության օրը, ամուսնության առաջարկության օրը, Ռաֆիկի ծայրահեղ ռոմանտիկ ու համեստ տեսակը: 

Ռաֆիկը նաև դաշնակահար է եղել, սիրել է նվագել և քանի որ Ալինան էլ երգում է, որոշել են, որ հարսանինքին պետք է միասին ելույթ ունենան. «Շատ, շատ ռոմանտիկ ա եղել, որը հատուկ չի սպային: Ես չեմ ճանաչում նման սպա, որ այդքան ռոմանտիկ լինի: Ինձ համար սերենադներ է երգել, էնպիսի բաներ է արել, որ հաստատ սպային բնորոշ չի»:

 Ռաֆիկը մեծ ցանկություն է ունեցել կնքվելու և պլանավորել է նոյեմբերի 26-ին՝ իր ծննդյան օրը կնքվել Շուշիում. «Ընկերները պատմում են որ, պատերազմի օրերին միշտ ասել է, որ մեծ բացթողում ունեմ, պետք է կնքվեմ»:

Ռաֆիկը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ հրադարադրի կնքման օրը: Մահվան մասին լուրը Ալինան իմացել է նույն օրը՝ ծնողներից:

«Երբ Ռաֆիկի ընկերը ցանկացավ խոսել եղբորս ու հորս հետ, արդեն հասկացա, որ մի բան էն չի, ու զգում էի, որ բոլորը տեղեկացված են ու ինձ չեն ասում: Նա սկզբում վիրավոր է եղել, սակայն չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց և ճանապարհին զոհվել է՝ սրտի կանգից, բայց գիտակցությունը տեղն է եղել  ճանապարհին: Պատմում են, որ աղոթել է, մի քանի անգամ, ասել է՝ ուզում եմ ապրեմ»,- պատմում է Ալինան:

Ռաֆիկ Օրդյանը իրեն գերազանց դրսևորելու համար նոյեմբերի 1-ին կապիտանի կոչում է ստացել, չնայած այդպես էլ չի իմացել այդ մասին: Երբ խոցել է իր երրորդ անօդաչու սարքը, պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հետմահու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությույանի հրամանագրով, ստացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:

Ռաֆիկը մեծ ցանկություն է ունեցել զուգահեռ սովորելու իրավագիտության ֆակուլտետում․
«Մտածում էինք միասին ընդունվենք, սովորենք, որ համակուրսեցիներ լինենք», - թախծոտ ժպիտով՝ ասում է Ալինան:
 
 Սյուզի Սիրականյան