Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է կազմել ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հոկտեմբերի 1-ի դրությամբ. Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

Որքա՞ն է կազմել ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հոկտեմբերի 1-ի դրությամբ. Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել
Հայաստան
13:41, 07 ноябрь 2022
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 970.6 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 895.1 հազ. մարդ և գյուղականը՝ 1 075.5 հազ. մարդ:

Այս մասին civic.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ այսօր  հրապարակած տեղեկանքից։ Ըստ այդմ ՝ հաշվետու ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը աճել է. նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը 2 967.1 էր։ 2022թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 128.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 114.8 %-ի համեմատ: 2022թ. հունվար-սեպտեմբերին կենդանի ծնվածների շրջանում սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.4 տղա՝ 100 աղջկա հաշվով։ Բնական հավելաճը կազմել է 5 914 մարդ։ 2020 թվականին, նկատենք, բնական հավելաճը 5 186 էր, 2021-ին՝ 3 463 մարդ։ 0-1 տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահվան 168 դեպք՝ նախորդ տարվա 186 դեպքի համեմատ։ 

Հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում ծնվել է 26 511, մահացել՝ 20 597 մարդ, գրանցվել է ամուսնության 12 305, ամուսնալուծության՝ 3 379 դեպք։  Հանրապետությունում 2022թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 275 դեպք՝ 2021թ. հունվար-սեպտեմբերի 258 դեպքի համեմատ:

2022թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 6 դեպք, և մայրական մահացության գործակիցը կազմել է 22.6 միավոր՝ 2021թ. հունվար-սեպտեմբերի 41.0 միավորի համեմատ: