Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդ տարի համայնքներին կհատկացվի 69.8 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերին՝ 22 մլրդ դրամ. Գնել Սանոսյան. տեսանյութ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր խորհրդարանում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները։  

ՏԿԵ նախարարության ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է: 

Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: 

Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115 մլրդ դրամ

ջրային ոլորտին՝ 49,6

էներգետիկ ոլորտին՝ 27

տարածքային կառավարման ոլորտին՝ 137,8 մլրդ դրամ: 

Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ 

Նախարարը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը:

«Տարածքային զարգացում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 99 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավելի է 15,5 մլրդ դրամով: Մյուս խոշոր հատկացումը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին: Գալիք տարում այս ծախսերին կհատկացվի 23 մլրդ դրամ. այս տարի հատկացվել է 18 մլրդ:

Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2023 թ. կհատկացվի 973 մլն դրամ: Սահմանամերձի կարգավիճակ ունեն 23 համայնք եւ 82 բնակավայր:

«Երեւան քաղաքին սուբվենցիաների հատկացում» ծրագրով նախատեսված է տրամադրել 5,4 մլրդ դրամ:

«Քաղաքային զարգացում» ծրագրին կհատկացվի 23,4 մլրդ դրամ: Մասնավորապես, Երեւան քաղաքի համար ավտոբուսներ գնելու համար կտրամադրվի 11,3 մլրդ դրամ: Նախարարը հայտնել է, որ արդեն մոտենում է ավտոբուսների գնման եւ վճարման փուլը:

Գյումրիի համար նախատեսված է 700 մլն դրամ: Այս գումարի շրջանակում կիրականացվեն լուսավորության, ճանապարհաշինական աշխատանքներ:

2023 թ. օտարվելու է 10 մլրդ դրամի չափով պետական գույք:

49,6 մլրդ դրամ նախատեսված է հատկացնել ջրային ոլորտին: 32,8 մլրդ կհատկացվի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրին:

Մասնավորապես, 10,6 մլրդ դրամ հատկացվելու է Կապսի ջրամբարի շինարարությանը, 5,5 մլրդ՝ ոռոգման համակարգերի զարգացմանը եւ այլն:

«Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բարելավում» ծրագրին կտրամադրվի 15 մլրդ դրամ:

Երեւան քաղաքին հատկացումները գալիք տարում 6,2 մլրդ դրամով ավելի կլինեն: