Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ, ես ինքս կգերեվարեմ․ Արցախի ԱԻ նախկին փոխնախարար

Հայ գերիների հարցի վերաբերյալ ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել, քանի որ ծնողի համար, որի երեխան գտնվում է գերության մեջ, ամեն րոպեն դժոխք է: Այս մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայով քննարկման ընթացքում ասաց Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը: 

Նախկին փոխնախարարի խոսքով՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծություն կատարել առկա տեղեկատվության հիման վրա:  «Կարծում եմ, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը հանրությանը կտրամադրի ինֆորմացիա՝ պետական գաղտնիք չպարունակող, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ է կատարվում: Դա կօգնի, որ բոլորը չզբաղվեն գերիների հարցով»: 

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ հայտարարությանը՝ թե գերիների խնդիրը լուծված է, Ավագյանը հարց տվեց, որ, օրինակ՝ եթե 62 շիրակցիները, ըստ ադրբեջանական կողմի, ահաբեկիչներ են, ապա ի՞նչ հիմքով են նրանցից 8-ը վերադարձվել Հայաստան: 

Անդրադառնալով տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները Ստեփանակերտում «ազատ շրջում են»՝ նա ասաց. «Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, դա ֆեյք լուր է: Չգիտեմ՝ ով է տարածում նման կեղծ տեղեկությունները, բայց նրանցով պետք է լրջագույնս զբաղվել: Եթե նման բան լինի, ես անձամբ նրանց կգերեվարեմ: Նման դեպք չի կարող լինել, քանի որ լավ իմանալով արցախցիներին՝ իրենք «կգերեվարեն», ես էլ չեմ հասցնի, նրանք չեն կարող թույլ տալ, որ ադրբեջանցին շրջի Ստեփանակերտում»: