Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թագուհի Թովմասյանի՝ գերիների հարցով Արցախից ԱԺ հրավիրված պաշտոնյայի «մտքերը չեն համապատասխանում իրականությանը»

Թագուհի Թովմասյանի՝ գերիների հարցով Արցախից ԱԺ հրավիրված պաշտոնյայի «մտքերը չեն համապատասխանում իրականությանը»
Հայաստան
18:09, 19 апрель 2021
Այսօր Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել գերիների հարցով․ քննարկմանը Արցախից հրավիրվել էր գնդապետ Բորիս Ավագյանը, որը ներկայացվեց որպես Արցախի ԱԻ փոխնախարար։

«Քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, Արցախի արտակարգ իրավիճակների փոխնախարար Բորիս Ավագյանը»,-լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում գրել էր Թագուհի Թովմասյանը։

Բորիս Ավագյանը իր ողջ ելույթի ընթացքում ՀՀ իշխանությանը, մասնավորապես, մեղադրում էր գերիների վերադարձը դժվարացնող հայտարարություններ անելու եւ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովին «վիրավորելու» համարձակության մեջ։

Սակայն շատ չանցած Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին հայտնել էր, որ Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: 

«Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել էր Լուսինե Ավանեսյանը:

Իսկ Արցախի ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարեց, որ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Ավագյանն այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, ու որ նա իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

«Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը՝ Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», - ասված է հաղորդագրության մեջ։

Civic.am
-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը, պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է, որ նախկին պաշտոնյայի է հրավիրել ՀՀ ԱԺ եւ ներկայացրել, որպես գործող պաշտոնյա, ասաց․ «Մեր տեղեկություններով ինքը մինչեւ այսօր առավոտյան փոխնախարարն էր»։

Գեղամ Ադյան