Քաղաքացիակենտրոն
լրատվություն

9-րդ կետում չկա ո՛չ «միջանցք» արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ տեղանվան հիշատակում. Մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության խոսք չկա և չի՛ կարող լինել. Փաշինյան

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի նախագահի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված՝ տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, ինչը վարչապետը հիմնավորեց մի քանի փաստերով: 

«Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ «միջանցք» արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ տեղանվան հիշատակում, խոսք է գնում միայն տրանսպորտային հաղորդակցության մասին: 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»,- ասաց ՀՀ վարչապետը և պարզաբանեց, որ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել. «Խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է» :