Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը». վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով հետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են: 

Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով»: 

Վարչապետն ընդգծեց, որ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է. «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը»»: