Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու խնդիրը նորից եկավ օրակարգ, ի՞նչ գնով, երբ հայ ռազմագերիներին պահում են իրենց մոտ՝ որոշակի ակնալիքներով․ Աշոտ Մելքոնյան

Հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու խնդիրը նորից եկավ օրակարգ, ի՞նչ գնով, երբ հայ ռազմագերիներին պահում են իրենց մոտ՝ որոշակի ակնալիքներով․ Աշոտ Մելքոնյան
Հայաստան
12:27, 20 апрель 2021
Այսօր՝ ապրիլի 20-ին ԳԱԱ-ում ծավալվել է՝ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր թեմայով քննարկումը։
Բացման ելույթով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Նա նշեց, որ այսօր զուգահեռներ կանցկացնեն 2015- 2020թթ․-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ և ինչ տեղի ունեցավ 100 տարի հետո․ «Մենք երբեք դեմ չենք եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցմանը, այնուհետև ջերմացմանը, բայց պատմությունը ցույց է տվել, որ այդ հարաբերությունները միշտ կառուցվել է ի վնաս մեզ։ Թուրքիան միշտ փորձել է Հայոց ցեղասպանության խնդիրը հանել օրակարգից և պաշտոնական Անկարան միշտ հայտարարել է, որ մոռանանք պատմությունը և եթե ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենանք՝ նայենք ապագային»։ 

Նա հռետորական հարցադրում արեց՝ անդրադառնալով  1990թ․«Անկախության հռչակագրին»․ «Արդյո՞ք պատահական էր, որ 1990թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված կարևորագույն փաստաթղթի՝ «Անկախության հռչակագրի» վերջին կետը, որն ամբողջությամբ վերաբերում էր Հայոց ցեղասպանության խնդրին, որ ՀՀ-ն իր վրա պարտավորություն էր վերցնում արտաքին քաղաքականության բաղադրամաս դարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ Այդ հասնգամանքը բուռն դժգոհություն առաջացրեց Թուրքիայում»։ 

Աշոտ Մելքոնյանը հիշատակեց նաև 90-ականների վերջին օրակարգ եկած «Հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովի աշխատանքները, և ընդգծեց, որ այդ հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր, որովհետև այդ անունից ստացվում էր, որ մենք փողոցային կռիվ ենք ունեցել թուրքերի հետ և հիմա հաշտեցման մասին է խոսքը․ «ՀՀ-ն հայտարարում էր, որ մենք որևէ կապ չունենք այդ բանակցությունների հետ, որոնք ԱՄՆ-ում էին ընթանում։ Այնտեղ էին նաև հայկական կողմից ներկայացուցիչներ, իսկ ԱԳՆ-ի ներկայացուցիչը մշտապես հայտարարում էր, որ ինքը անհատապես է ներկայացնում հայկական կողմը, բայց հետագայում ստացվեց, որ պետական շրջանակներն անշուշտ կապի մեջ են եղել»։ 

Նա հիշատակելով պատմության էջերը՝ անդրադարձ կատարեց նաև օրակարգ եկած հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններին, հիշեցրեց ֆուտբոլային դիվանագիտությունը, և ընդգծեց, որ բարեբախտաբար այն ձախողվեց․ «Մեր հանրությունը պնդում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները ցյուրիխյան արձանագրությունների ձևով կառուցելը հնարավոր չէ։ Եվ հիմա տեսնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ չարաբաստիկ հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու խնդիրը նորից եկավ օրակարգ։ Ի՞նչ գնով, երբ Թուրքիայի կողմից ասում են խոչընդոտը վերացված է, Ղարաբաղի խնդիրը լուծված է, նշանակում է իրենց պատկերացմամբ արգելք գոյություն չունի, բայց հայ ռազմագերիներին պահում են իրենց մոտ՝ որոշակի ակնկալիքներով»։