Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյան ՔԿՀ-ում պահվող կանայք և երեխաները դեղորայքն ընդունում են առանց բժշկի ցուցումի, մինչև 3 տարեկան երեխաներին տրվող սնունդը թերի է

««Աբովյան» քրեակատարողական հաստատությունում հունիս ամսին ազատությունից զրկված անչափահաս անձանց պայմանները որևէ ձևով չեն տարբերվել չափահասների պահման պայմաններից։ Շենքային պայմանները գտնվել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում»,- այս մասին արձանագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։

Դեռևս հունիսի 13-ին ՄԻՊ-ի փորձագիտական խումբը, որի կազմում են եղել՝ բժիշկ, հոգեբան, իրավագետ, սոցիոլոգ ու անկախ փորձագետ, այցելել են «Աբովյան» քրեակատարողական հաստատություն ու արձանագրել մարդու իրավունքների մի շարք խախտումներ։ 

«Անչափահաս անձանցից մեկը 10-ն ամիս պահվել է մեկուսի, նույնիսկ դասերն է մեկուսի իրականացրել։ Մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի կանոնների համաձայն՝ մեկուսացումը օրական 22 ժամը չպետք է գերազանցի», - ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ 

Կանանց տեղամասի երկրորդ հարկում առանձնացված կացարանում, հունիս ամսի դրությամբ բնակվել է 12 կին դատապարտյալ։ Խնդրահարույցը 12 դատապարտված կանանց միաժամանակյա պահման պահն է, որովհետև այդ ժամանակ գործող օրենսդրությամբ միասին պահվող անձանց առավելագույն թիվը 6-ն էր, և անգամ նոր Քրեակատարողական օրենսգրքի պահանջներով 12-ը չափազանց մեծ թիվ է, այնտեղ խոսք է գնում մինչև 8 դատապարտյալի պահելու մասին։

««Աբովյան»քրեակատարողական հաստատությունում բացակայել են հղի և կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված հատուկ խցերում կացարանները, չեն ապահովվել նաև երեխաների առանձնահատկություններով պայմանավորված իրենց պահման պայմանները։ Աբովյանի քրեակատարողական հաստատության շենքային պայմանները, մասնավորապես՝ մեկուսարանը, կանանց տեղամասը նաև հարմարեցված չի եղել շարժման դժվարություններ ունեցող անձանց համար»,- նշում է ՄԻՊ-ը։ 

Մշտադիտարկման այցի ընթացքում եղել են մինչև երեք տարեկան երեխա խնամող 3 կին, որոնցից մեկը մեկուսարանում է եղել։ Մեկուսարանում պահվող կանանց պայմաններն առանձնապես չեն տարբերվել ազատությունից զրկված մյուս անձանց պահման պայմաններից և բոլոր խցերը չեն, որ կահավորված են եղել երեխայի պահման պահանջներին համապատասխան՝ խցերում բացակայել է օրորոցը, մանկական մահճակալը, առկա չի եղել տաք ջուր երեխայի խնամքի համար, առանձին կահավորված խաղահրապարակ։ Մինչդեռ պետությունը ունի պարտավորություն ապահովելու մինչև 3 տարեկան երեխայի համար մինիմալ պայմաններ։

ՄԻՊ-ի արձանագրությամբ՝ ազատազրկված անձանց դեղորայքային բուժումն իրականացվում է բուժքրոջ կողմից՝ առանց բժշկի համապատասխան ցուցման, ինչը տարածված երևույթ է նաև այլ քրեակատարողական հաստատություններում։ Բժշկական քարտերում բացակայել են բժշկի ցուցումը՝ տվյալ դեղորայքն ընդունելու համար, սակայն անձն ստացել է այդ դեղորայքը։ Երեխաների ամենապարզ դեղամիջոցների՝ ջերմիջեցնողների բացակայություն է եղել։ Անհրաժեշտության դեպքում երեխաներին տրամադրել են մեծահասակների համար նախատեսված դեղահաբի մեկ երկրորդը կամ մեկ քառորդը։ «Մինչև երեք տարեկան երեխաները հաշվառված են Մայակովսկու անվան առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սակայն մեր առանձնազրույցները ցույց են տվել խնամող մայրերի հետ, որ նման մեկ քառորդ, մեկ երկրորդ դեղամիջոցներն էլ մեծ դժվարությամբ են տրամադրվում։ Երեխայի առողջության այդ խնամքի՝ ՊՈԱԿ-ի կողմից իրականացումը՝ խոսքը ամբուլատոր ծառայության մասին է, իրականացվում է ծայրահեղ դեպքերում, երբ երեխայի ջերմությունը ոչ միայն բարձր է, այլ շատ ավելի վատ վիճակում է գտնվում»,- նշում է Քրիստիննե Գրիգորյանը։   

Ազատությունից զրկված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կանայք բուժումն ստանում են ոչ իրենց գրավոր համաձայնությամբ, իսկ օտարերկրացիների ամենամեծ դժվարությունը լեզվական՝ թարգմանությունների ապահովման խնդիրն է։ Մոնիթորինգի ընթացքում 6 օտարերկրացի կին է եղել քրեակատարողական հաստատությունում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Պերուի, Գվատեմալայի, Ղազախստանի, Իրանի քաղաքացիներ։  Թեպետ Արդարադատության նախարարութունը ՄԻՊ-ին տեղեկացրել է , որ 24 ժամ, 7 օր բոլոր քրեակատարողական հաստատություններում 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանչական ծառայություն ունեն, սակայն Քրիստիննե Գրիգորյանի այցի ժամանակ Աբովյան ՔԿՀ-ն որևէ ծառայությունից չէր օգտվել։ 

«Շարունակում է մնալ ազատությունից զրկված անձանց վնասվածքների ոչ պատշաճ արձանագրման դեպքերի պրակտիկան՝ դրանց ստացման պատճառները, անատոմիական նկարագրությունը։ Այս պրակտիկայի բացակայությունը խոշտանգումների կանխարգելման ուղղակի ռիսկ է»,-բասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ 

2020թ․ հունիսից բոլոր ՔԿՀ-ներում պատրաստի սնունդը մատակարարվում է «Արտ-լանչ» անվանումով հայտնի՝ «Ռեդի-Սթեդի» սահմանափակ ընկերության կողմից, սակայն այդ սնունդը երբ հասնում է քրեակատարողական հաստատություն որևէ վերահսկողություն չի իրականացվում՝ դրանց էներգետիկ արժեքի կամ անվտանգության տեսանկյունից։   

«Մենք կոչ ենք արել իրավասու մարմիններին, որպեսզի ներդնեն պատրաստի սննդի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ։ Անձինք նաև առանձնազրույցների ընթացքում նշել են, որ սնունդը համեղ չէ, աղի պակասություն կա, կալորիականության պակասություն կա, բազմազանության խնդիր կա։ Մեծահասակներին տրվող սնունդը գրեթե նույն բաղադրությամբ տրվում է նաև մինչև 3 տարեկան երեխաներին, ինչը հակասում է կառավարության որոշմանը»,- դատապարտյալների դժգոհություններն է ներկայացնում ՄԻՊ-ը։ 

ՄԻՊ-ի փորձագիտական խումբն արձանագրել է, որ միայն մեկ երեխայի դեպքում է նշանակված եղել մանկական սնունդ, ինչը չի տրամադրվել պատշաճ կալորիականությամբ, ինչպես նաև չեն պահպանվել օրական նվազագույն չափաքանակները։

«Օրինակ հացի նվազագույն 50 գրամի փոխարեն 22 գրամ է եղել, կարտոֆիլի օրական 183 գրամի փոխարեն՝ 83 գրամ։ Այսինքն՝ անգամ այն դեպքում երբ տրամադրվել է մանկական սնունդը դրանք եղել են նորմատիվին ոչ համապատասխան»,- պարզաբանում է Քրիստիննե Գրիգորյանը։ 

Նորմայից պակաս սնունդ երեխային տրամադրվում է ընկերությա՞ն մեղքով, թե՞ կոռուպցիոն ռիսկեր կան։ Ի պատասխան մեր այս հարցի՝ Քրիստիննե Գրիգորյանն արձագանքում է՝ մարտ ամսից հետո տեղյակ են պահել Արդարադատության նախարարությանը, որտեղից էլ նշել էին՝ խնդիրը լուծված կլինի մինչև հունիսի 15-ը, սակայն հունիսի 13-ի դրությամբ դեռևս լուծված չի եղել։   

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացառությամբ բաց ռեժիմով պահվող անձանց, մյուս ազատազրկվածների համար շաբաթական մեկ անգամ է կազմակերպվում լոգանքը, սակայն եթե անձը լոգանքի օրերին հիվանդ է լինում՝ ստիպված պետք է ևս մեկ շաբաթ սպասի մինչև հաջորդ լոգանքի օրը, այսինքն՝ երկու շաբաթ անձը չի կարողանում հոգալ իր անձնական հիգիենան։ Երեխաների լոգանքը նույնպես ապահովվում է ընդհանուր կարգով , քանի որ խցերում չկա լոգանքի ապահովման հնարավորություն։ Զբոսաբակերի մեղմ ասած անբարեկարգ խնդիր ևս կա, ապահովված չէ նաև երեխաների առանձին զբոսանքի հնարավորությունը։ 

«Սեպտեմբերի դրությամբ Արդարադատության նախարարությունը լայնամասշտաբ վերանորոգումներ է սկսել քրեակատարողական հիմնարկում։ Սակայն դա բավարար չէ արձանագրված բոլոր խախտումներին լուծում տալու համար»,- ասում է Քրիստիննե Գրիգորյանն ու շեշտում՝ 66 առաջարկություն են ներկայացել նախարարությանը։ 

Աբովյան քրեակատարողական հաստատությունում հունիսի 13-ի դրությամբ պահվել է ազատությունից զրկված 66 անձ, որից 40-ը կալանավորված է եղել, 26-ը՝ դատապարտված։ 66 անձանցից 4-ը արական սեռի անչափահասներ են, ևս մեկի չափահասության տարիքը վրա է հասել ազատության զրկման վայրում։

Մանրամասները՝ տեսանյութում։
 
Նարա Մարտիրոսյան