Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում կատարվածի առնչությամբ Ոստիկանությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել․ Դատախազություն

Սյունիքում կատարվածի առնչությամբ Ոստիկանությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել․ Դատախազություն
Հայաստան
13:21, 21 апрель 2021
  
Սյունիքում այսօր կատարված դեպքերի առնչությամբ Ոստիկանությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  

Նշենք, որ այսօր առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Սակայն տեղում որևէ մեկը չի ձերբակալվել ոստիկանների կողմից։ Սա, չնայած այն հանգամանքին, որ անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։ Իսկ մեկը պատռեց ԱԱԾ ՊՊԾ պետի կոստյումը։ 

Խումբը հայհոյանքներով ու գոռգոռոցներով կրկնկակոխ հետևում էր վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ Civic.am-ի տեղեկություններով՝ սադրանքների կամակերպիչը Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանն է։ 

Դժվար է պատկերացնել՝ ինչ կաներ նույն ոստիկանությունը ցուցարարների այդ խմբի հետ, եթե նման փորձ կատարվեր Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգյանի իշխանության ժամանակ։  

Ոստիկանությունից Civic.am-ի հարցին չպատասխանեցին՝ արդեն ձերբակալվածներ կան, թե ոչ։