Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացնում

Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացնում
Հայաստան
15:02, 21 апрель 2021
Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Սյունիքի մարզպետարանում։ Մինչև մարզպետարան մտնելը վարչապետը շրջել է Կապան քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ, քաղաքացիներից ոմանք նաև նկարվեցին վարչապետի հետ, նրանց մի մասն էլ վարչապետին կոչ արեց պատժել «դավաճաններին» և իրենց մենակ չթողնել։ 

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը մտավ մարզպետարան, հենց մարզպետարանի մոտ նրան դիմավորեցին ծափերով, իսկ դրանից քիչ հեռու կանգնած մի խումբ սկսեց վանկարկել «Նիկոլ դավաճան»։ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիներից մեկն էլ, «Զանգեզուր TV-ի» լրագրողին տեսնելով, ասաց․

«Գնա՛ մի հատ էլ ընդեղ նկարի։ Վահե Հակոբյանը էդ հրահանգը տված չի՞»։  

Նշենք նաև, որ մարզպետարանի մոտ Նիկոլ Փաշինյանին աջակցողների և նրան դեմ քաղաքացիների միջև պարբերաբար լեզվակռիվ է սկսվում․ մի կողմը վանկարկում է վիրավորական արտահայտություններ՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ աջակիցներն ի պատասխան վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»։

Նշենք նաև, որ երբ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտությունները հնչեցվում էին բարձրախոսով, և հենց այդ ժամանակ մի կին մոտեցավ ոստիկաններին և ասաց, որ իրենք աշխատում են և այդ աղմուկն իրենց խանգարում է․ «Ես խնդրում եմ՝ վերահսկեք այս իրավիճակը, վերահսկեք էդ խուլիգաններին»,- ասաց կապանցի կինը։