Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական արբանյակը պատրաստ է շահագործման, կառավարման կայանն էլ շուտով կբացվի

Այս տարվա մայիս ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դեպի երկրի ուղեծիր բաց թողնվեց հայկական առաջին՝ «Armsat-1» անվանումով արբանյակը՝ իսպանական «Satlantis» ընկերության հետ համագործակցության արդյունքում։  

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հպարտությամբ նշում է՝ արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։  «Արբանյակի կառավարման կենտրոնի աշխատանքներն ավարտման փուլում են, նախքան տարեվերջ արդեն իսկ կգործարկվի կայանը»,- ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու հավելում. «Մոտ ժամանակներս Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով, սարքավորումների մեծ մասը ներկրվել է Հայաստան։ Համապատասխան մասնագետները  վերապատրաստվում են։ Կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակը կառավարել Հայաստանից մեր մասնագետների միջոցով»։  

Հայաստանի կառավարության նպատակը տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն է, ինչպես նաև արբանյակաշինության զարգացումը։ Այս նպատակով Հայաստանում գրանցվել է «Satlantis» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Satlantis Armenia»-ն։  «Satlantis»  ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Հերնանին ընդգծում է. «Արբանյակի կողմից ստացված տվյալները ներբեռնվելու են կառավարման կենտրոնում, որտեղ վերլուծվելու են մասնագետների կողմից։ Իսկ հայկական ներկայացուցչությունը՝ «Satlantis Armenia»-ն, կիրականացնի տիեզերական տեխնոլոգիաների ներդնումը Հայաստանում»։

«Satlantis»  ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն տեղեկացնում է, որ արբանյակից ստացված տվյալները, պատկերները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում. այս պահին փորձարկվում է գյուղատնտեսության ոլորտը. «Արբանյակը հնարավորություն ունի նկարելու օրական 12-17000 քառակուսի կմ տարածք»։  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն էլ շեշտում է՝ արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով՝ այդ թվում անվտանգային նկատառումներով՝ սահմանների մոնիտորինգ իրականացնելու համար։ Արբանյակից արդեն իսկ ստացված և ստացվող բոլոր տվյալները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են՝ այլ երկիր կամ այլ ընկերություն ոչ մի իրավունք չունի այդ տվյալների նկատմամբ։ Այդ նկարները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում՝ լուծելու բազմազան խնդիրներ։ Օրինակ՝ գյուղատնտեսական ոլորտում՝ կադաստրային քարտեզագրություն, ջրային ռեսուրսների կառավարում, օդերևութաբանական հետազոտություններ, արտակարգ իրավիճակների ժամանակ աղետների կանխումից մինչև հետևանքների վերացում և այլն։ Արբանյակի տվյալների կիրառման դաշտը շատ լայն է։  

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն անդրադառնալով «Satlantis»  ընկերության հաջողություններին՝ նշեց, որ «Satlantis» -ի ստեղծումն սկսվել է գիտությունից՝ աստղաֆիզիկայից՝ խնդիրն էլ այն էր, թե ինչպես տիեզերքն օգտագործել երկրային դիտումների համար՝ մեծ ճշտության տեսախցիկներ արտադրելով։ Այս տարի «Satlantis» -ը շահել է եվրոպական տիեզերական գործակալության ամենախոշոր նախագծերից մեկը։ Շատ բարձր որակի տեսախցիկներ պետք է պատրաստի՝ գտնելու տիեզերքում մութ զանգվածի աղբյուրը, իսկ տիեզերքը 90 տոկոս մութ զանգվածի մեջ է։  

Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ պրոեկտը մոտակա մի քանի տարում կտա 100 գալակտիկաների այնպիսի պատկերներ, որոնք մինչև այսօր չեն արվել. «Հետազոտություն է լինելու, որ կարողանա պատասխան տա այն հարցերին, թե որտեղից է առաջանում մութ զանգվածը։ Տիեզերքի 90 տոկոսը մութ զանգվածի մեջ է, և մենք չգիտենք դա ինչ է։ Այսօր դա աստղաֆիզիկայի ամենամեծ խնդիրն է։ Եվ մենք ուզում ենք Հայստանից որոշ գիտնականներ մասնակցեն այս պրոեկտին, անպայման կներգրավենք»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան