Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի վճռական դիրքորոշման պատճառով է Ալիեւը խոսում սպառնալիքի լեզվով․ քաղաքագետ

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի վճռական դիրքորոշման պատճառով է Ալիեւը խոսում սպառնալիքի լեզվով․ քաղաքագետ
Հայաստան
17:54, 21 апрель 2021
Իլհամ Ալիևը ապրիլի 20-ին  Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում սպառնացել էր Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Արձագանքելով Ալիևի հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»։

 Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
 
- Պարո՛ն Մինասյան, «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծելու Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությու՞նն է, թե՞ Ալիեւը նոր պատերազմի հող է նախապատրաստում։
 
- Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, այդ թվում այնպիսին, որ սա ներքին լսարանի համար արված հայտարարություն էր կամ ուղղակի սայթաքում էր եւ այլն. այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվել տվյալ հայտարարությունը՝ այն հստակ պարունակում է ուժի բացահայտ սպառնալիք։ Իհարկե, նախկինում եւս Ալիեւը տարբեր առիթներով տարածքային հավակնություններ է արտահայտել Սյունիքի, Սեւանի եւ Երեւանի նկատմամբ, բայց այս հայտարարությունը աչքի էր ընկնում ուժի սպառնալիքով, ինչը բնականաբար պետք է արժանանա համարժեք գնահատականի եւ պատասխանի։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Ադրբեջանի նախագահը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միեւնույն ժամանակ հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանի համար տարածաշրջանային խաղաղությունը օրակարգային չէ, ինչից, իհարկե,  պետք է հետեւություններ անել։

Ինչը վերաբերվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», դա, ըստ էության կեղծ օրակարգ է եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս կազմող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման դրույթի աղավաղում է։ Այսինքն՝ Ադրբեջանը տվյալ դրույթը փորձում է մեկնաբանել` իր շահերից ելնելով եւ տպավորություն ստեղծում, թե իբր Հայաստանը ստանձնել է պարտավորություն ստեղծել Զանգեզուրի միջանցք, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Զանգեզուրի միջանցք չի եղել եւ չի կարող լինել, եւ այս հարցը Հայաստանի համար վառ կարմիր գիծ է, որը բնականաբար հայկական կողմը չի հատի, որովհետեւ նման միջանցքի ձեւավորումը ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ ինչ-որ առումով նաեւ հենց Հայաստանի վճռական դիրքավորումն է պատճառ դարձել, որ Ալիեւը անզորությունից փորձում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել, ինչը չի կարող որեւէ արդյունք տալ, որովհետեւ այդ հավակնությունները վերաբերվում են Հայաստանի սուվերեն տարածքին եւ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար Հայաստանը ունի բավարար գործիքակազմ եւ բավարար դաշնակցային կապեր։
 
- Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը հայ գերիների վերադարձման հարցը ձգձգում է, արդյո՞ք  այս հարցը փոխկապակցված է Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հետ։
 
- Բավական կարեւոր է, թե որն է իրականությունը։ Գործնականում սրանք երկու տարբեր թեմաներ են, որոնց վերաբերյալ կա անդրադարձ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այդ երկու թեմաները իրար հետ փոխկապակցված չեն ներկայացված տվյալ հայտարարության մեջ: Հիմա դրանք միմյանց հետ կապակցելը եւս կլինի սխալ: Գերիների բոլորը-բոլորի դիմաց սկզբունքով փոխանակումը զուտ հումանիտար բնույթի խնդիր է, որի հետ կապված հայկական կողմը իր պարտավորությունները կատարել է, սակայն ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, Բաքուն դեռևս լիարժեքորեն չի կատարել գրավոր ձևով իր պարտավորությունները, և հիմա փորձում է  ինչ-որ հավելյալ պահանջներ առաջ քաշել: Դա կլինի ինչ-որ միջանցքի տեսքով կամ ինչ-որ հավելյալ տարածքներով. էական չէ, որովհետև նմանատիպ պահանջները որևէ պարագայում չեն կարող ընդունելի լինել: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կփորձի ավելի ու ավելի մեծացնել իր ախորժակը և հավելյալ նոր պահանջներ առաջ քաշել: Պետք է տվյալ խնդիրները դիտարկել լիովին առանձին, որովհետև ինչպես նշեցի՝ եռակողմ հայտարարության մեջ   տվյալ խնդիրները իրար հետ փոխկապակցված չեն և դրանցից յուրաքանչյուրի մասով կողմերը ունեն պարտավորություններ, և հայկական կողմի խնդիրն է նաև միջնորդ հանդիսացած ռուսական կողմի հետ համագործակցությամբ հասնել Ադրբեջանի կողմից իր ստանձնած լիարժեք պարտավորությունների իրականացմանը: 
 
 
- Հայաստանը ԵԽԽՎ-ում եւ այլ  միջազգային հարթակներում փորձում է հայ գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձման հարցը քննարկման առարկա դարձնել, սակայն կարծիքներ են հնչում, թե խնդիրը պետք է թողնել նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափի մակարդակում․ ի՞նչ կասեք։
 
- Միանշանակ, բավական կարևոր է հայ ռազմագերիների հայրենադարձման վերադարձի հարցի միջազգայնացումը, և այդ կերպ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների մեծացումը: ԵԽԽՎ-ում կազմակերպված քննարկումը հայկական կողմի, ըստ էության, միջազգային ճնշումների մեծացման բաղադրիչներից մեկն էր, և մինչ օրս  ամենաբարձր մակարդակի ձևաչափն է, որտեղ հնարավոր է եղել հասնել մեզ համար նման կարևոր խնդրի քննարկմանը: 
 
- Ռուս խորհրդարանականները դեմ եւ մի մասն էլ ձեռնպահ քվեարկեցին գերիների վերադարձման հարցը ԵԽԽՎ օրակարգ մտցնելուն․ ինչո՞վ էր պայմանավորված ռուսական կողմի նման կեցվածքը։
 
- Ռուսական կողմի դիրքորոշումը արտաքին քաղաքականության ոլորտում արտահայտում է Ռուսաստանի նախագահը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ ռուսական կողմը տարբեր ձևաչափերով միանշանակ դիրքորոշումներ են արտահայտել, որ գերիների խնդիրը պետք է լուծվի բոլորը-բոլորի դիմաց սկզբունքով: Ավելին, անգամ այն պարագայում, երբ Ադրբեջանին ԱԳՆ-ն հայտարարեց, թե այդ հարցը լուծված է՝ ռուսական կողմը հստակ դրանից հետո նման հայտարարություններից հետո ևս արձանագրել է, որ տվյալ խնդիրը դեռևս լուծման ենթակա է: Այսինքն՝ Ադրբեջանը իր պարտավորությունները չի կատարել և վերջին նման արձանագրումը համանախագահ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունն էր: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է: Ինչ վերաբերում է մի քանի խորհրդարանականների ռուս պատրարքների քվեարկությանը, ինչպես  նրանք են մեկնաբանում, տեխնիկական վրիպակ է եղել և հստակ արձանագրել է նաև, որ այդ հարցում իրենք աջակցում են խնդրի շուտափույթ կարգավորմանը: Այլ քաղաքական ինտիգներ իհարկե հնարավոր է թնտրել տվյալ հարցի հետ կապված, սակայն եթե ունենք հստակ պաշտոնական դիրքորոշում ՌԴ նախագահի և արտգործնաարարի մակարդակով՝ միանշանակ է, որ տվյալ պարագայում փորձել խորանալ կամ ինչ-որ ելևէջներ փնտրել ռուս պատվիրակների քվեարկության մեջ, կարծում եմ, այդքան էլ լուրջ կամ իրատեսական չէ:

Գեղամ Ադյան