Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ սպանեց Հայաստանի պետական անվտանգության ղեկավար Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները․ Ովքե՞ր են գործակալները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ո՞վ սպանեց Հայաստանի պետական անվտանգության ղեկավար Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները․ Ովքե՞ր են գործակալները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հայաստան
14:18, 24 ноябрь 2022
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց, որ օրինագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

«Մասնավորապես, առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը։ Ներկայում ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից։ Նախագծով ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել երկու տարով։ Օրինագծով առաջարկվում է վերանայել որոշ կարգավորումներ, մասնավորապես, ԱԱԾ տնօրենին իրավունք է վերապահվում ծառայությունից արձակել նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով»,- ասաց ԱԱԾ փոխտնօրենը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԱԱԾ փոխտնօրենը չնշեց, թե իրականում ինչի համար էր այս փոփոխությունը։ «Գործող օրենքով սահմանվում է, որ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում, այսինքն՝ ԱԱԾ-ում։ Կար նաև դրույթ, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Գաղտնի ծառայություններում կարող են 50 տարի հետո գաղտնազերծել որևէ անձի գործունեություն։ Եվ օրենքը սա թույլ է տալիս, բայց օրենքի նախագծով մինչև գաղտնազերծումը ԱԱԾ-ում իրավունք ունենք ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Նոր փոփոխությամբ իրավունք են ստանում ոչնաչացնել։ Դիցուք, ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը։ Հիմա ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահել, որ մի օր ԱԱԾ պետի կամ այլ որոշմամբ, այլ իրավական ակտով ոչնչացնեն «Ալֆայի» համագործակցությունն ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Անդրանիկ Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել․ «Փոփոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ նաև օրենքով սահմանված ունենանք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն, և այդ հնարավորությունը ծառայությանը տրվում է օրենքով, խնդիրը ո՞րն է, ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի գցի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց ընդդիմությանը․ «Դուք մտահոգվում եք, որ ինչ-որ գործակալական գործեր կոչնչանան, գործակալական գործերը չեն կարա ոչնչանալ։ Նույնիսկ սովետական տարիներից հետո ոչնչացված ՀՀ գործակալական գործերի մեծ մասը վերականգնվեց, և չի կարելի ոչնչացնել։ Ինչ վերաբերում է արխիվային ինչ-որ գործերի, այդ գործերն ինչքան էլ ոչնչացնես, դրանք արձանագրված են տարբեր տեղեր, դրանք ոչնչացման ենթակա չեն։ Մտահոգվելու շատ բան չունենք։ Հատկապես պատվի խնդիր է, որ մեր հատուկ ծառայությունները Մարիուս Յուզբաշյանի սպանության գործը պետք է օր առաջ բացահայտեն, ինչպես պետք է բացահայտված լիներ նաև Հոկտեմբերի 27-ի գործը։ Ո՞վ սպանեց Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր են գործակալները Մարիուս Յուզբաշյանի ժամանակահատվածում, կարելի է ենթադրություններ անել»։

lragir.am