Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 10 ամիս է՝ ՀԷՑ-ի մենաշնորհը վերացվել է․ ՀԷՑ-ից 40 էլեկտրաէներգիա արտադրող ու 18 սպառող դուրս է եկել ազատականացված շուկա. ովքեր են ՀԷՑ-ի իրական մրցակիցները

Շուրջ 10 ամիս է՝ ՀԷՑ-ի մենաշնորհը վերացվել է․ ՀԷՑ-ից 40 էլեկտրաէներգիա արտադրող ու 18 սպառող դուրս է եկել  ազատականացված շուկա. ովքեր են ՀԷՑ-ի իրական մրցակիցները
Տնտեսություն
13:40, 25 ноябрь 2022
Էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում շուրջ տասը ամիս է՝ ՀԷՑ-ի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) մենաշնորհը վերացվել է: Դեռևս այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ ՀԾԿՀ-ն (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) լիցենզիա է տվել մի շարք ընկերությունների, որոնք ազատ են իրենց նախընտրած գնով վաճառել էլեկտրաէներգիան՝ որպես մատակարար։ ՀԾԿՀ-ն ազատականացված շուկայում այլևս չի վերահսկում լիցենզավորված ընկերությունների կողմից առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագները, սակայն այն կոմերցիոն սպառողները, որոնց սպառած էլեկտրաէներգիան գերազանցում է տարեկան 1 մլն կՎտ ժամը, պարտավոր են 2023թ.-ից մինչև 2025թ.-ը դուրս գալ ՀԷՑ-ից և ընտրել այլ մատակարար, իսկ տարեկան 1 մլն կՎտ ժամից պակաս էլեկտրաէներգիա սպառողները կարող են մնալ ՀԷՑ-ի հաշվեկշռում: 

Էլեկտրաէներգիա սպառողներից ու արտադրողներից քանիսն են դուրս եկել ՀԷՑ-ից

Շուկայի օպերատորը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն, համակարգում է էլեկտրաէներգիայի առևտրի էլեկտրոնային հարթակը, որտեղ երևում են, թե քանի ընկերություն է շուկայում էլեկտրաէներգիայի առևտուր անում, ովքեր են բաժանորդները, ինչ սակագներով է վաճառվում էլեկտրաէներգիան և այլն:  

Ըստ շուկայի օպերատորի փոխանցած տվյալների՝ այս տարվա փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի ազատականացումից մինչև նոյեմբերի 10-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռման պատասխանատվության խմբից դուրս են եկել 18 սպառող և 40 արտադրող։ Ինչ վերաբերում է պետական կառույցներին, «Հաշվարկային կենտրոն»-ից տեղեկացնում են, որ որպես սպառող ոչ մի պետական կառույց դեռևս չի հրաժարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռման պատասխանատվության խմբից և որպես առանձին մասնակից հանդես չի գալիս մեծածախ շուկայում, իսկ որպես արտադրող՝ պետական բոլոր էլեկտրական կայանները մեծածախ շուկայի մասնակիցներ են։ 

Թե որ պետական կառույցներն են տարեկան 1 մլն կՎտ ժամից ավելի էլեկտրաէներգիա սպառում՝ ՀԷՑ-ից չեն հստակեցնում, նշելով՝ տեղեկությունը գաղտնի է:

Քանի ընկերություն է լիցենզիա ստացել ՀԾԿՀ-ից 

ՀԾԿՀ-ն ՀՀ տարածքում էլեկտրաէներգիա մատակարարելու լիցենզիա է տվել շուրջ տասը ընկերության, որոնցից մի քանիսը կարող են զբաղվել նաև միջպետական առևտրով՝ էլեկտրաէներգիայի ներկրմամբ ու արտահանմամբ։ Միջպետական առևտրի՝ էլեկտրաէներգիայի ներկրման ու արտահանման համար լիցենզիա են ստացել նաև այլ ընկերություններ, որոնք միայն մեծածախ առևտուր են իրականացնելու։ «Հաշվարկային կենտրոն»-ը հայտնում է, որ մեծածախ շուկայում գրանցվել է 4 մատակարար, բայց հրաժարվում է բացահայտել, թե ովքեր են այդ մատակարարները, որ ընկերությունների հետ են համագործակցում։ «Հաշվարկային կենտրոն»-ը դա համարում է գաղտնապահական ինֆորմացիա։ 

Լիցենզավորված ընկերությունների իրական սեփականատերերը

ՀԾԿՀ-ի կողմից լիցենզավորված ընկերություններից է «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը գործում է 2013թ.-ից: Ընկերության իրական շահառուներն են Արմեն Ղարիբյանը և Հայկ Հարությունյանը՝ 50-50 տոկոս բաժնեմասերով։ Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարարն է, պաշտոնավարել է 2014-2018թթ.: Նրա կենսագրությունն առկա է Հանրապետական կուսակցության կայքում, սակայն նշված է, որ Հայկ Հարությունյանն անկուսակցական է: Հայկ Հարությունյանն ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արզուման Հարությունյանի որդին է, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան:
Նշենք, որ Արզուման Հարությունյանն էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: 

Հաջորդ լիցենզավորված ընկերությունը «Էներէքս» ՓԲԸ-ն է, որի իրական սեփականատերը ծագումով արցախցի Հայկ Շեկյանն է: Նրան է պատկանում ընկերության 90 տոկոս բաժնեմասը: Ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2021թ.-ի հոկտեմբերին, այն մտնում է «Շտիգեն» ընկերությունների խմբի մեջ, որը գործում է դեռևս 2011թ.-ից և զբաղվում է արևային էներգահամակարգերի ներդրմամբ նաև Արցախում։ «Էներէքս»-ը ՀԾԿՀ-ից նաև լիցենզիա է ստացել էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվելու՝ խոշոր տնտեսվարողների հետ աշխատելու, արտահանելու և ներկրելու համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բազայից տեղեկանում ենք, որ  2020-ին Հայկ Շեկյանից 11 միլիոն դրամի եկամուտ է ստացել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Վախթանգ Աբրահամյանի կինը՝ Ինգա Բոյաջյանը։

«Էներգո Թրեյդ Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ.-ի դեկտեմբերին: Բաժնետերերն են Ազատ Մելիքի Սաֆարյանը՝ 75 տոկոս, Ամալյա Կարապետի Բալաբեկյանը՝ 25 տոկոս:
Ազատ Մելիքի Սաֆարյանի հայրը  2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից էր՝ Մելիք Ազատի Սաֆարյանը։

«Դի Օհմ Էներջի» ՍՊԸ-ն  հիմնադրվել է 2016թ.: Բաժնետերերն են Գևորգ Հախվերդյանը՝ 24 տոկոս, Հրանտ Գնունին՝ 24 տոկոս, Գերմանիայի քաղաքացի Պարույր Գևորգյանը՝ 25 տոկոս, Սևակ Գևորգյանը՝ 27 տոկոս բաժնեմասերով։ 
Նշենք, որ Հրանտ Գնունին «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գնունու որդին է: Տիգրան Գնունին նաև էներգախնայողության հիմնադրամի խորհրդի անդամ է։ 

 «Դաբլյու ԷՍ ՍՓԵՇԼԻՍԹ»  ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ.-ի նոյեմբերին, 100  տոկոս բաժնետերը Արտուշ Գուրգենի Եգորյանն է, տնօրենը՝ Սերգեյ Կակոսյանը: Սերգեյ Կակոսյանը փաստաբան է, ինչպես նաև Կենտրոնում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի՝ «Վոլլ Սթրիթ Ռիելթիի» տնօրենն ու 100 տոկոս բաժնետերը: 

«Վոլտա Էներջի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հենց 2022թ. փետրվարին, երբ արդեն իսկ ազատականացվել է շուկան: Բաժնետերերն են Վարդան Վահագնի Հովսեփյանը՝ 20 տոկոս բաժնեմասով, և Տիգրան Ռոբերտի Օխանյանը՝ 80 տոկոս բաժնեմասով: Տիգրան Օխանյանը «Մանթաշյանց» գործարարների միության հիմնադիր անդամ է: Նրա հորը՝ Ռոբերտ Օխանյանին է պատկանում «Օստ Շին» ընկերությունը, որը մտնում է «Օստ գրուպ»-ի կազմի մեջ։ Այս խմբի կազմի մեջ է նաև «Օստ Էլ» ընկերությունը, որը  շահագործում էր Հաղպատ 1 և Հաղպատ 2 փոքր հիդրոէլեկտրակայանները։ Ռոբերտ Օխանյանը հայտնվել էր ուշադրության կենտրոնում Թռչկանի ջրվեժը շահագործելու ցանկությամբ։ Նա 30 տոկոս բաժնեմաս ունի «Եղեգհէկ» ՍՊԸ-ում, որը Եղեգիս գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայան է շահագործում։ Բացի դրանից, Ռոբերտ Օխանյանը բաժնեմաս ունի «Ամբերդհէկ»-ում, որը երեք հիդրոէլեկտրակայաններ է շահագործում Ամբերդ գետի վրա։     
Տիգրան Ռոբերտի Օխանյանն ու Վարդան Հովսեփյանն այս տարի հիմնադրել են նաև «Վոլտա Էներջի» և «Էկովիլ» ՍՊԸ-ները, որոնք ևս լիցենզիա են ստացել ՀԾԿՀ-ից էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվելու՝ արտահանելու և ներկրելու համար:

«Էներգոմաստեր» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2022թ.-ի փետրվարին, իսկ արդեն ապրիլին ՀԾԿՀ-ից ստացել է մատակարարի լիցենզիա։ Ընկերության բաժնեմասերը պատկանում են Կարապետ Օհանյանին՝ 25 տոկոս, Գոռ Գրիգորյանին՝ 25 տոկոս, Արամ Սահակյանին՝ 25 տոկոս, Գաբրիել Մելիքսեթյանին՝ 25 տոկոս։ «Սիթիմաստեր» և «Բիլդմաստեր» ընկերությունները ևս պատկանում են այս 4 անձանց ու զբաղվում են այլընտրանքային էներգիայի արտադրությամբ։ 
Գոռ Գրիգորյանը «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ղեկավար կազմում է եղել, Գաբրիել Մելիքսեթյանը ևս աշխատել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում:
Արամ Սահակյանը 2017-2019 թթ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում նշանակվել է «Արևմուտք» տարածաշրջանի տնօրեն, նա նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է։  
«Էներջի Սփփլայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ.: Միակ մասնակիցը Վանիկ Կարապետի Սաֆարյանն է՝ 100 տոկոս բաժնեմասով: «Էներջի Սփփլայ»-ը նույնպես ունի էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա:

«Էներջի Պրովայդեր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ. փետրվարին, միակ մասնակիցը Դավիթ Հրաչյայի Աբովյանն է: Այս ընկերությունը ևս ունի լիցենզիա էլեկտրաէներգիայի մեծածախ՝ միջպետական առևտրով զբաղվելու համար: Դավիթ Աբովյանը նաև մի շարք այլ ընկերությունների սեփականատեր է. 100 տոկոս բաժնետեր է կառուցապատման աշխատանքներ իրականացնող՝ «Գարուն ինվեսթմենթ», «Արթ Գրուպ», «ՍՎ և ԳԱ», «Վյուփօինթ»  ընկերություններում։ Ի դեպ՝ «Արթ Գրուպ» ՍՊԸ-ն Հրազդանի կիրճի հարևանությամբ կառուցում է 3000 քմ տարածքով բնակելի համալիր։ Դավիթ Աբովյանի ծավալած բիզնեսն այսքանով չի ավարտվում. նա նաև 100 տոկոս բաժնետեր է տնկիների և արմատակալների աճեցմամբ զբաղվող «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ում, ինչպես նաև սեփական կամ վարձակալված անշարժ գույքը վարձակալության հանձնելու իրավասություն ունեցող «Դիջիդաթա» ՓԲ ընկերությունում։ Նշենք, որ ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրով զբաղվող «Մոդեպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը «Դիջիդաթա» ՓԲԸ-ն է, այսինքն՝ Դավիթ Աբովյանը։   

Հատկանշական է, որ բազմատեսակ բիզնես ծավալած Դավիթ Աբովյանը եղել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների» հիմնադրամի տնօրենը։ Նա պաշտոնավարել է այն տարիներին, երբ Սյունիքի մարզպետն էր ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։  

«Սոլարա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ.: Այս ընկերության միակ մասնակիցը Արմեն Համազասպի Պետրոսյանն է:

«ՎԷԿԱ» ՍՊԸ-ն ևս ունի լիցենզիա էլեկտրաէներգիայի մեծածախ առևտուր իրականացնելու համար: Ընկերության միակ բաժնետերը   ճարտարագետ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վոլոդյա Աղասինի Հովհաննիսյանն է: 2021թ. Վոլոդյա Հովհաննիսյանը ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու:
Էլեկտրաէներգիայի մեծածախ՝ միջպետական առևտրի լիցենզիա է ստացել նաև «Էներջի Փաուեր Ֆլոու» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է այս տարվա մարտին, և միակ մասնակիցը 41-ամյա Լիանա Վարդանյանն է: Նա նաև  շինարարական գործունեություն իրականացնող «Ռոուդկոնստրակտ» ՍՊԸ-ի բաժնետերն է։   

Իսկ «Ռեդինետ» ՓԲԸ-ն, որը ևս ունի լիցենզիա էլեկտրաէներգիայի միջպետական առևտրով զբաղվելու համար, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր չի ներկայացրել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր: Այս ընկերության տնօրենը  Անդրանիկ Քարամյանն է: Նա նաև «Ալեզի» ՍՊԸ-ում է բաժնեմաս ունեցել։ Այս ընկերությունը շահագործում է «Տաշիր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը։  
Նշենք, որ ըստ օրենքի՝ մինչև 2023թ. իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր կարող են չներկայացնել միայն այն ՍՊԸ-ները, որոնց մասնակիցը 1 ֆիզիկական անձ է։ 

Էլեկտրաէներգիա ներկրելու ու արտահանելու լիցենզիա ստացած «Արգեստ»  ընկերության ու ՀԷՑ-ի կապը


«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների հիմնադիր Սամվել Կարապետյանն ունի 31,8 տոկոս բաժնեմաս, իսկ իր որդին՝ Սարգիս Կարապետյանը, 29 տոկոս բաժնեմաս: Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա մտած «Արգեստ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը Գոռ Բարոյանն է, որը Սամվել Կարապետյանին պատկանող՝ Հյուսիսային պողոտայում բացված «Տաշիր Սթրիթ»-ի տնօրենն է: Այսինքն՝ Գոռ Բարոյանը Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված անձ է։

Հիշեցնենք, որ 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ իր վրա էր վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀԷՑ-ը մեծ պարտքեր ուներ և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀԾԿՀ՝ առաջացնելով քաղաքացիների դժգոհությունը։ 

Նշենք, որ ՀԷՑ-ը շարունակելու է մնալ որպես երաշխավորված մատակարար այն բաժանորդների համար, որոնց առջև դրված չէ  ՀԷՑ-ի հաշվեկշռից դուրս գալու պարտադրանք։  

Նարա Մարտիրոսյան