Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձագետները քննարկել են բազմաբնակարան շենքերի հիմնահարցերը

Փորձագետները քննարկել են բազմաբնակարան շենքերի հիմնահարցերը
Հայաստան
12:12, 26 ноябрь 2022
Երևանում կայացել է բազմաբնակարան շենքերի հարցերով զբաղվող փորձագիտական համայնքի հանդիպում, որին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կազմակերպած միջոցառման նպատակն էր քննարկել բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և բարեկարգման հիմնահարցերը, ինչպես նաև համատեղ մշակել հնարավոր լուծումներ․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Առանձնահատուկ դիտարկվել են Հայաստանում բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգի ներդրման նախադրյալները: Միջազգային փորձագետները կիսվել են այս բնագավառում Բալթյան երկրների փորձով՝ առաջարկություններ ներկայացնելով Հայաստանում գործընթացն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, առանձնացնելով 3 խումբ խնդիրներ՝ արդեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիր, շենքերի պատշաճ պահպանում և անվտանգ շահագործում, կառավարման համակարգի բարեփոխում, ներկայացրել է դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մշակվող համակարգային մոտեցումները:

Երրորդ հիմնախնդրի կանոնակարգման նպատակով մշակվել և Ազգային ժողովում է գտնվում Քաղաքաշինության կոմիտեի մշակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեություն: «Շենքն արդյունավետ կառավարելու համար կառավարիչը պետք է ունենա ֆինանսական, իրավական, տեխնիկական և մի շարք այլ գիտելիքներ ու հմտություններ: Հետևաբար, օրենքի ընդունումից հետո նախ կսահմանվեն կառավարիչներին ներկայացվող պահանջներն, այնուհետև կմշակվեն և կկազմակերպվեն նրանց վերապատրաստման դասընթացներ»,-տեղեկացրել է Տանյա Արզումանյանը:

Հանդիպման ընթացքում Հունաստանից հրավիրված փորձագետը ներկայացրել է գոյություն ունեցող շենքերի սեյսմիկ վերազինման և էներգաարդյունավետության բարձրացման ինտեգրված նորարարական տեխնոլոգիաները: Ընդգծվել է նաև բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վարման կարևորությունը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ և Հիլթի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական ու մասնավոր ոլորտի փորձագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների և համատիրության ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Բելառուսից և Հունաստանից»,- ասված է հաղորդագրությունում։