Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին օգնության միջոցառումների համալիր է առաջարկել, այդ թվում՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել սահման. Զաս

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին օգնության միջոցառումների համալիր է առաջարկել, այդ թվում՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել սահման. Զաս
Հայաստան
16:04, 28 ноябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանին օգնության միջոցառումների համալիր է առաջարկել, այդ թվում՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, Բելառուսի համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ անդրադառնալով անցած չորեքշաբթի Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Զասն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում, բարդ իրավիճակ է։

«Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվող միջոցառումների համալիրը (իսկ դրանք տարբեր միջոցներ են. ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկել այս սահման, որը իրատեսորեն կգնահատի այնտեղ տիրող իրավիճակը), գտավ բոլոր պետությունների աջակցությունը։ Միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է», - ասել է Ստանիսլավ Զասը:

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելության ուղարկումը ժամանակի վատնում է որակում իշխանական պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը հիշեցնում է՝ ռազմական դաշինքի ներկայացուցիչները ադրբեջանական ներխուժումից հետո մի քանի անգամ եկել են ու տեղում ծանոթացել իրավիճակին, Երևանը կառույցից հիմա այլ բան է ակնկալում:

«Առաջնայինը, որ պետք է ՀԱՊԿ-ն անի, ռազմաքաղաքական գնահատական տա Ադրբեջանի գործողություններին, տա գնահատական, որ Ադրբեջանը ագրեսոր է և օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, այսինքն՝ ակնհայտ փաստ, որ ամբողջ աշխարհ է այդ փաստին տիրապետում և ընդունել այդ փաստը, և ավելի քան ապացուցված է, բայց մեր գործընկերները առ այսօր չեն ճանաչում այդ փաստը և տարբեր ձևերով խուսանավում են այդ հարցին պատասխանել», - նշեց Խաչատրյանը:

Հայկական կողմը անցած չորեքշաբթի օրը Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել էր ստորագրել ռազմական դաշինքի խորհրդի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը։ Երևանը պարզաբանել էր, որ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով է հրաժարվել ստորագրել փաստաթղերը։ Կառավարության նիստում էլ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ դրանք ուղարկվել են լրամշակման՝ հույս հայտնելով, որ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի։

Եթե ի վերջո կառույցում համաձայնություն չլինի, ի՞նչ քայլեր կձեռնարկի հայկական կողմը, արդյոք Երևանը կսկսի կառույցից դուրս գալու գործընթաց։ Իշխանական Արմեն Խաչատրյանն ուղիղ պատասխան չտվեց, ասաց, որ Հայաստանն արդեն լուրջ գործողություններ ձեռնարկելու իրավունք կստանա այդ դեպքում՝ առանց հստակեցնելու, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է։

«Արդեն իսկ ՀՀ-ն շատ քայլ է արել, և քայլերը նրանով չեն, որ անպայման պետք է հենց էն գլխից ՀԱՊԿ-ից դուրս գալ, սա ևս քայլ է, և հետագա բանակցություններին մեր անհամաձայնությունը հայտնելն էլ համալիր քայլեր են, որոնք հետագայում ինչին կհանգնեցնեն կամ կհանգեցնեն ՀԱՊԿ-ի կողմից իր պարտավորությունների կատարմանը կամ ոչ, ոչից հետո արդեն ՀՀ-ն որոշակի որոշումներ կկայացնի», - հավելեց պատգամավորը:

Սակայն իշխանական պատգամավորը հույս ունի՝ լրամշակումը կլինի, և դրանում տեղ կգտնի քաղաքական գնահատականը։

azatutyun.am