Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասվելիք ընտրությունները կնմանվեն 1990 թ․-ին տեղի ունեցած ընտրություններին․ Բորիս Նավասարդյան

Սպասվելիք ընտրությունները կնմանվեն 1990 թ․-ին տեղի ունեցած ընտրություններին․ Բորիս Նավասարդյան
Հայաստան
15:07, 22 апрель 2021
Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցավ քննարկում «Ընտրական «ավանդույթներ». որքանո՞վ դրանք կենսունակ կլինեն առաջիկա ընտրություններին» թեմայով: Բանախոսներն են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
 
Բորիս Նավասարդյանը նշեց, որ սպասվելիք ընտրությունները կնմանվեն 1990 թվականին տեղի ունեցած ընտրություններին։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերի այն դասավորվածությունը, որը արտացոլվելու է նաև ընտրական գործընթացների և ընտրական ինստիտուտների ազդեցության առումով, ինչպես 1990 թվականին, մոտավորապես, նույն հնարավորություններն ունեն։
 
«1990 թվականների ընտրական գործընթացի վրա ազդեցություն ուներ Կոմունիստական համակարգը, Ղարաբաղյան շարժումը՝ ի դեմս ՀՀՇ-ի, և արդեն գոյություն ուներ տեղական հեղինակությունների ինստիտուտը, որը հասկանում էր՝ կոմունիստական համակարգը քանդվում է և փորձում էր իր օգուտները քաղել նաև ընտրական գործընթացներից՝ մտնելով պաշտոնական իշխանության շրջանակներ»,-նշեց պարոն Նավասարդյանը։
 
Ըստ նրա՝ մոտավորապես հենց այս պատկերն էլ մենք կարող ենք ունենալ այսօր, քանի որ էլի կան մի քանի խաղացողներ, որոնք լուրջ լծակներ ունեն ընտրական գործընթացների վրա ազդելու․ «Դա իշխանությունն է, որը մոտավորապես 1990 թվականի կոմունիստների հնարավորություններն ունի, այսինքն՝ ֆորմալ ինստիտուտները իրենց ձեռքում են, բայց շատ դեպքերում այդքան էլ իրենց չեն ենթարկվում»։
 
Նրա խոսքով՝ մյուս կողմում նախկին իշխանություններից կազմված հիմնական ընդդիմությունն է, որը չունի ֆորմալ ինստիտուտներ, բացառությամբ մի քանի համայնքային իշխանությունների, բայց ունի բավականին լուրջ ֆինանսական լծակներ և աջակցություն կարևոր խաղացողներից։
 
«Քանի որ բնակչության մեծ մասը վստահություն չի տածում ո՛չ նախկին, ոչ այսօրվա իշխանության հանդեպ, երրորդ կողմը փորձելու է, այդ երկուսի նկատմաբ տիրող անվստահությունն օգտագործելով, շահել որոշակի չափով ձայներ ապագա խորհրդարանում»,-նշեց պարոն Նավասարդյանը։
 
Նրա խոսքով՝ սա բերելու է անվերահսկելի գործընթացների, որոնք արտացոլվելու են բոլոր ինստիտուտների աշխատանքում, որոնք կարևոր են ընտրությունների համար ընտրական հանձանաժողովներում և ՏԻՄ-երում, որոնք տարբեր քաղաքական ուժերի են աջակցելու։ Այստեղ մենք ունենալու ենք բազմազանություն և՛ լրատվամիջոցներում, և՛ դատական իշխանություններում, և՛ իրավապահ մարմիններում։
 
«Այսինքն՝ իմ նշած ինստիտուտներից որևէ մեկը հստակ վերահսկողության տակ չի լինելու մեկ տեղից։ Նրանք ազդեցության տակ են գտնվելու տարբեր կողմերից, և սա չկառավարվող որոշ գործընթացների հիմք է դառնալու», - ասաց պարոն Նավասարդյանը։
 
Նրա խոսքով՝ նաև միջազգային դիտորդությունը, որպես  ինստիտուտ, այս անգամ կարող է շատ պասիվ մասնակցություն ունենալ՝ կապված համավարակի և ընտրությունների անցկացման ժամկետների հետ։ ժամանակի սղությունը բացասական կարող է ազդել նաև տեղական դիտորդների աշխատանքի վրա։