Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա ընդունված պրակտիկա է․ նման մեծ միջոցառումներ հյուրընկալող երկրների ղեկավարները շատ հաճախ հրավիրում են բարեկամ պետությունների իրենց գործընկերներին»․ ԱԺ նախագահի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի Կատար այցի մասին

«Դա ընդունված պրակտիկա է․ նման մեծ միջոցառումներ հյուրընկալող երկրների ղեկավարները շատ հաճախ հրավիրում են բարեկամ պետությունների իրենց գործընկերներին»․ ԱԺ նախագահի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի Կատար այցի մասին
Հայաստան
13:07, 29 ноябрь 2022
Կատարի Մեջլիս Աշ-Շուրայի (խորհրդարանական գործառույթներով խորհրդատվական խորհուրդ) նախագահի հրավերով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով կմեկնի Դոհա՝ Կատար։ Ինչպես հայտնի է՝ Կատարում այս օրերին ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և ՀՀ ԱԺ նախագահը, աշխարհի այլ խորհրդարանների ղեկավարների հետ հրավիրվել է որևէ խաղ դիտելու։ 

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Ալեն Սիմոնյանը հրավեր է ստացել Կատարի խորհրդարանի ղեկավարի կողմից՝ այցելելու իրենց երկիր և դիտելու աշխարհի առաջնության խաղերից մեկը։ 

«Դա ընդունված պրակտիկա է, շատ հաճախ են նման հրավերներ լինում։ Կատարի պետությունը մեր բարեկամ երկիրն է և սա էլ ավելի կամրապնդի բարեկամությունն այդ երկրի հետ։ Բացի դա, սա աշխատանքային այց է Կատար, որի ընթացքում քննարկվելու և հստակեցվելու են Կատար ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա պաշտոնական այցի օրակարգային հարցերը»,- նշեց խոսնակը։  

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունում նշված է, որ պատվիրակության կազմում են լինելու նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: 

Այցի ծախսերը մասնակի կատարում է հրավիրող կողմը։