Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023թ. կունենանք էլեկտրոնային հսկողության համակարգ՝ բրասլետներով, որոնք թույլ կտան դատարաններին կիրառել տնային կալանք. ՀՀ արդարադատության փոխնախարար․ տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

- Տիկին Սարգսյան, օրերս գտնվում էինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, կին դատապարտյալներից մեկը դժգոհում էր, որ ՔԿՀ-ում կան նաև հոգեկան շեղումներ ունեցող անձինք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հայտնաբերելու, եթե իրականում կան այդպիսիք։

- Մենք կարող ենք ՔԿՀ-ում ունենալ այնպիսի անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրներ, բայց ո՞րն է մեր լուծումը։ Հատկապես Եվրոպայի խորհրդի հետ ունեցած արդյունավետ համագործակցության շրջանակում մենք արդեն իսկ ներդրել ենք հիմնարկներում հոգեկան առողջական վիճակի առաջնային զննության և հետագա պրոցեսների կազմակերպման գործիքակազմը։ Ի՞նչ է սա նշանակում. հիմնարկ մուտք գործելուց հետո յուրաքանչյուր անձի հետ կապված առանձին սքրինինգ է իրականացվում, որի արդյունքում բացահայտվում է՝ արդյոք տվյալ անձն ունի՞ հոգեկան առողջական վիճակի հետ կապված տարբեր խնդիրներ, թե՞ ոչ, և ըստ այդմ ապահովում ենք դրանց հասցեագրումը։ Հատկապես «Աբովյան» ՔԿՀ-ի մասով պետք է նշեմ, որ առաջնային հիմնարկներից մեկն է, որտեղ պիլոտավորվեց այս գործիքակազմը։ Շնորհիվ այդ գործիքակազմի մեր մասնագետները կարողանում են շատ ճիշտ գնահատում իրականացնել, և ըստ այդմ վեր են հանվում այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այդ գործիքակազմի կիրառումը անզեն աչքով տեսանելի չէին, և մեր մասնագետները ուղղորդումներ չէին կարողանում անել։ Գործիքակազմի ներդրումից հետո՝ հարցաշարային մեթոդով, մասնագետները կարողանում են վեր հանել այդ խնդիրները, և եթե կարիք է լինում, արդեն ուղղորդում են հոգեբուժական օգնության իրականացման։ Պարտադիր չէ, որ անձը անպայմանորեն, եթե ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, տեղափոխվի տարբեր հոգեբուժարաններ կամ դատապարտյալների հիվանդանոցի համապատասխան մասնաշենք, կարող են լինել այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում տվյալ քրեակատարողական հիմնարկի տարածքում հնարավոր է ապահովել պատշաճ հասցեագրումը և հոգեբուժական սպասարկումն իրականացնել արդեն տեղում։ Եթե ունենում ենք ինտենսիվ միջամտության դեպքեր, բնականաբար անձինք ուղղորդվում են դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, կամ հարկադիր բուժման հետ կապված հարցն է քննարկվում։

- Կանայք, ովքեր խցերում երկար տարիներ մնացել են, նշում են, որ իրենց օրվա մեջ ընդամենը 1 ժամ է թույլատրվում դուրս գալ բակ։ Հիմա խոսվում է այն մասին, որ Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցում է կատարում դեպի վերականգնողական արդարադատություն, արդյոք դա բոլորի՞ն է վերաբերում, թե՞ կան այնպիսի հոդվածներ, որոնցով դատապարտված անձանց դա չի առնչվում։ 


- Ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը պատժողականից անցումն է վերականգնողականին, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ սա տարածվում է բոլոր գործերի և բոլոր պատիժ կրող անձանց նկատմամբ։ Պարզապես, օրինակ, մեկուսարանում գտնվում են այնպիսի անձինք, որոնց նկատմամբ կամ կարող է կալանք կիրառվել, կամ նրանք գտնվում են փակ ռեժիմային գոտու պատժի կրման պայմաններում, բնականաբար հաշվի առնելով մեկուսացվածության ավելի խիստ պայմանները՝ շատ դեպքերում անձը հնարավորություն չի ունենում ներգրավվել տարբեր աշխատանքներում կամ ավելի շատ ժամանակ ունենալ զբոսանքի կամ այլ զբաղվածության համար, բայց մեր քաղաքականությունը նոր Քրեակատարողական օրենսգրքի և նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու տեսակետից այն է, որ կարող են անգամ փակ ռեժիմում գտնվող դատապարտյալները ներգրավված լինել տարբեր զբաղվածության միջոցառումներում։  

- Խոսվում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցը պետք է դուրս գա արդարադատության նախարարության տիրույթից ու անցնի առողջապահության ոլորտին, ի՞նչ է տալու սա, արդյոք բարելավվելո՞ւ են ծառայությունները։ 

- Այս պահի դրությամբ մենք շրջանառության մեջ ենք դրել ՔԿՀ բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը արդարադատության նախարարությունից առողջապահական տիրույթ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնությունը։ Գործ ունենք բժշկական անձնակազմի հետ, բժշկական օգնության և սպասարկման հետ, և արդարադատության նախարարությունը ամենահարմար կառույցը չէ, որի ենթակայության ներքո այս կառույցը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել։ 

- Կարո՞ղ ենք հետևություն անել, որ եթե նախկինում եղել են կողմնակալ մոտեցումներ դատապարտյալների առողջության հետ կապված՝ եզրակացություններին առնչվող, այս դեպքում այլևս չեն լինի։ 

- 2019թ.-ից ի վեր մենք կարող ենք արձանագրել, որ այդպիսի խնդիր չունենք, որովհետև 2019թ.-ից սկսած ՔԿՀ բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ն անկախ է գործում, իհարկե արդարադատության նախարարության ենթակայության ներքո, բայց անկախ է գործում քրեակատարողական ծառայությունից։ Նախարարությունը մասնագիտական դաշտում որևէ ձևով չի մտնում ՊՈԱԿ-ի տիրույթ, քրեակատարողական ծառայությունը ևս, հետևապես մեր բժիշկները, որպես պրոֆեսիոնալ կառույցի ներկայացուցիչներ, ազատ են մասնագիտական դաշտում որոշումներ կայացնելու և ապահովելու պատշաճ բժշկական սպասարկում կոնկրետ պացիենտին։ 

- Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ՀՀ արդարադատության հետ համատեղ քայլեր են իրականացնում՝ կանխելու նախնական ոչ տեղին կալանքի դեպքերը։ Ինչպե՞ս է դա բացահայտվելու, ինչպե՞ս է կանխվելու։

- Մենք պետք է հնարավորինս քիչ ազատազրկման դեպքեր ունենանք թե մինչդատական վարույթում, թե դատավճռային փուլից հետո։ Այս տեսանկյունից Քրեական նոր օրենսգիրքը և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը նախատեսում են այլընտրանք՝ մի դեպքում կալանավորմանը, մի դեպքում՝ ազատազրկմանը։ Քրեադատավարական նոր օրենսգրքով նախատեսվում է, որ արդեն 2023թ. հունվարի 1-ից կգործի տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնք կգան օգնելու պակասեցնելու կալանք խափանման միջոցի կիրառումը, և այս տեսանկյունից ԵԽ մեր գործընկերների աջակցությունը հենց օրենսդրական դաշտում է եղել։ 2023թ. կունենանք պատշաճ աշխատող էլեկտրոնային հսկողության համակարգ՝ բրասլետներով, որոնք թույլ կտան դատարաններին կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն այն դեպքերում, երբ դատարանը գտնի, որ կալանավորում խափանման միջոցն այն համաչափ և անհրաժեշտ խափանման միջոցը չէ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու տեսանկյունից։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում