Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը մարտին կանցկացնի Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը. առաջինին հրավիրված էր նաև Հայաստանը

ԱՄՆ-ը մարտին կանցկացնի Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը. առաջինին հրավիրված էր նաև Հայաստանը
Հայաստան
12:20, 30 ноябрь 2022
Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ մարտին կանցկացվի Ժողովրդավարության հարցերով երկրորդ գագաթնաժողովը, որը կլինի ավտորիտարիզմին հակազդելու և ժողովրդավարական երկրների միասնական ճակատ ձևավորելու ջանքերի շարունակությունը։

Գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 29-30-ը վիրտուալ ձևաչափով, որին կհաջորդեն հանդիպումներ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Զամբիան և Հարավային Կորեան հանդես կգան որպես համակազմակերպիչներ: Այլ առանցքային մանրամասներ, ներառյալ մասնակից պետությունների ամբողջական ցուցակը, դեռ պետք է որոշվեն:
 
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը ձևավորվում է հաշվետու և թափանցիկ կառավարմամբ,- ասված է հինգ համակազմակերպիչ երկրների համատեղ հայտարարության մեջ:- Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը աջակիցների կարիք ունի բոլոր մակարդակներում: Թափանցիկ կառավարումը շարունակում է մնալ կայուն բարգավաճման, խաղաղության և արդարության ապահովման լավագույն միջոցը»: 

Մարտյան գագաթնաժողովը կլինի 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված միջոցառման շարունակությունը, որին մասնակցել էին ավելի քան 100 առաջնորդներ: Նշենք, որ Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովին հրավիրված չէին Ադրբեջանը և Թուրքիան: Ցուցակում միակ կովկասյան երկրներն էին Հայաստանը և Վրաստանը: Հրավիրված չէր նաև պուտինյան Ռուսաստանը: