Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպքեր կան, երբ Երևան քաղաքի զբոսայգում ինչ-որ մեկը 30 կամ 25 տարի առաջ բերել մի ժանգոտ բուդկա է դրել. Հանրային շահը չպետք է ստորադասվի. Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անավարտ շինությունների գույքային հարկերի մասին նախագծի քննարկմանը նկատեց. «Եթե շատ գռեհկացնենք, ապա եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում, օրինակ, Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնել, կարող է պարզվել, որ մենք հետո տարիներով դատական, չգիտեմ ինչ պրոցեսներով պիտի անցնենք, որ էդ բուդկան հանենք, և պետական համակարգը կսկսի իր ամենասիրած գործը՝ գրել, գրել, գրել, պատասխանել, պատասխանել, գրել-պատասխանել»:

Նա հիշեցրեց 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության գիշերը. «Մի գիշերվա ընթացքում Աջափնյակի կեսում հայտնվեցին բուդկաներ. «Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կամք ցուցաբերեցինք, և այդ բոլորը մի քանի օրում ապամոնտաժվեց:

Հիմա մենք դեպքեր ունենք, որ Երևան քաղաքի զբոսայգում ինչ-որ մեկը 30 կամ 25 տարի առաջ բերել մի ժանգոտ բուդկա է դրել, ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կիլո թուղթ են գրել էդ ապօրինի կառույցի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ մենք այս կարգավորումն անենք, որովհետև հանրային շահը, ի վերջո, չի կարող ստորադասվել մի բուդկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին: Եվ մենք պետք է գնանք, այդ թվում նաև քաղաքական որոշումների և էդ խնդիրները լուծել»:

Վարչապետը կոչ արեց այս համատեքստում նաև օրենսդրական փոփոխություններ անել, եթե դրա կարիքը կա. «Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ ապօրինությունը պաշտպանելու համար են: Չի կարելի այդպես շարժվել»։