Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հրաժարվում է կենսաբանական ախտածինների տվյալները ԱՄՆ-ին փոխանցելու պարտադիր պայմանից

Հայաստանը հրաժարվում է  կենսաբանական ախտածինների տվյալները ԱՄՆ-ին փոխանցելու պարտադիր պայմանից
Հայաստան
14:26, 01 декабрь 2022
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով փոփոխություն մտցրեց դեռևս 2010թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում։ 

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ հայկական կողմը պարտավորվել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:  

Այժմ կողմերը եկել են նոր համաձայնության, ըստ որի՝ վերացվում է պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը՝ այն դարձնելով հայեցողական և վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին։ Այսպիսով, Հայաստանը հրաժարվում է  կենսաբանական ախտածինների տվյալները ԱՄՆ-ին փոխանցելու պարտադիր պայմանից։

Նախագիծը մշակվել է արտակարգ իրավիճակների նախարարության կողմից և բխում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության նպատակներից։