Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանդված «Երիտասարդական պալատը», փակված ԱՕԿՍ-ի շենքն ու Կառավարության շենքի ամանորյա զարդարանքը․ Երևանի պատմամշակութային հուշարձանների ուղին

«Երիտասարդական պալատը», որը համարվում էր Երևանի այցեքարտերից մեկը կառուցվել է 1970-ականներին և համարվել խորհրդային մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը։

Շենքի ամենավերևի հարկում գործում էր պտտվող հատակով սրճարան, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը։

Երևանցիների սիրելի ժամանցի վայր հանդիսացող կառույցը, սակայն, 2006 թվականին օրվա իշխանությունների թողտվությամբ քանդվեց։ Ներկայումս պալատի տարածքը վերածվել է շինհրապարակի, իսկ նախկինում գոյություն ունեցած բլուրը վերածվել է քարհանքի։

Երիտասարդական պալատի, ինչպես նաև քաղաքի այլ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի մասին Civic.am-ը զրուցել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր Բադալյանի հետ։ Նա նշեց, որ քաղաքը կորցնում է այն կարևոր շենքերը, որոնք միշտ եղել են Երևանին բնորոշ և պատմական շերտ են հանդիսացել, որպեսզի սերունդներն իմանան՝ ինչպես է կառուցվել քաղաքը։

Բադալյանը նշեց, որ կարելի է ստեղծել նորը, բայց դա չպետք է լինի խորթ ու անհասկանալի, հակառակ պարագայում  կվերանա հնի ու նորի կապը։

«Հայաստանում այդ թվերին շատ բան էր վաճառվում, իսկ երբ վաճառք էր տեղի ունենում,  օբյեկտն առնում էին ու վերջ, ոչ մի տեղ գրված չէր՝ իրավունք ունի՞ քանդելու, թե՝ ոչ, իրավունք ունի՞ փոխելու դրա պրոֆիլը, իրավունք ունի՞ ինչ-որ մի ուրիշ բան ավելացնելու»,- պատմեց Ալեքսանդր Բադալյանը։

Վերջինս չի բացառում, որ Երիտասարդական պալատը վերականգնելու հնարավորություն կա, և գնդակը այդ տարածքի սեփականատիրոջ դաշտում է, նա կարող է մեծ եկամուտներ ստանալ շենքը վերականգնելուց հետո։

««Երևան» հյուրանոցը երբ գնեցին, այնտեղ գրված էր՝ ճարտարապետական տեսքի ոչ մի փոփոխություն, ոչ մի կցակառույց և ոչ մի հարկի ավելացում։ Միայն թույլատրեցին, որ բակը բարեկարգվի և ստեղծվի մի լավ միջավայր, որն իրենց հաջողվեց։ Ես չեմ ուզում նշել, որպես փայլուն օրինակ, բայց արվեց կիրթ»,- ասաց Ալեքսանդր Բադալյանը։

 Նշենք, որ 1998-2018 թվականների միջակայքում Երևանում տարբեր պատրվակներով քանդվել են, կիսաքանդ վիճակի են հասցվել, կամ փորձել են քանդել պատմամշակութային հուշարձան հանդիսացող բազմաթիվ շենքեր։
Այդպիսի շենքերից է նաև  Արամ Մանուկյանի տունը․ այս պահին կանգուն է միայն տան ճակատային մասը, որը փորձ է արվում փրկել։

 Ալեքսանդր Բադալյանի խոսքով՝ «Եթե դա ժամանակին պատժվեր (պարտադիր չի պատիժը լիներ քրեորեն), ապա մյուսները կվախենային և չէին անի, սակայն դա տեղի ունեցել է և, ցավոք սրտի, տեղի կունենա, քանի որ ոչ մեկին չպատժեցինք»։

Խոսելով նաև Ավետիք Իսահակյանի գրադարանի մասին, որտեղ հիմա գործում է գրախանութ և բանկ, Ալեքսանդր Բադալյանն ասաց, որ աշխարհում ընդունված է այդ մեթոդը, երբ միայն շինության ճակատային մասն են պահում։
 
Ալեքսանդր Բադալյանի կարծիքով՝ ելքն այն է, որ ստեղծվեն խորհուրդներ, հանձնախմբեր՝ ճարտարապետների, քաղաքապետարանի և կառավարության կողմից, որում պետք է ներգրավվեն մասնագետներ, բայց այդ ձեռնարկվող քայլերը պետք է արագ լինեն։  
Խոսելով նաև կառավարության շենքի ամանորյա զարդարանքի մասին՝ Ալեքսանդր Բադալյանն ասաց, որ կարելի էր այլ լուծում գտնել, օրինակ՝ օգտագործել լազերային համակարգ։

Մենք զրուցեցինք նաև ժամանակին բավականին ակտիվ գործող «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի հետ, որը պատմեց, մեկ այլ կարևոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցի՝ ԱՕԿՍ-ի շենքի  մասին, որը նույնպես ժամանակին փորձ էր արվում քանդել։

Հիշեցնենք, որ շենքն այս պահին փակ է, հարուցվել է քրեական գործ՝ շենքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։  Մեղադրանք է առաջադրվել  Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ։ 

Նշենք, որ ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1914-1917 թվականներին, այն կառուցվել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ծառայել որպես հիվանդանոց։

Վարդան Գերավետյանն ասաց, որ 2010-ական թվականներին սկսվեցին խոսակցություններ՝ շենքի որոշակի հատվածի քանդման մասին, չնայած տեսնում էին միտում, որ ամբողջ շենքն են հերթական անգամ փորձում տեղափոխել, ինչպես Աֆրիկյանների շենքը և բազմաթիվ շենքեր։ Սակայն այդ ընթացքը համընկավ Մաշտոցի պուրակի հայտնի իրադարձությունների հետ և ԱՕԿՍ-ի շենքի մի հատվածը պայքարի արդյունքում չքանդվեց, իսկ շենքի մյուս հատվածը, այնուամենայնիվ, քանդվեց, որի տեղում այս պահին հյուրանոց է  կառուցված։

 Խոսելով նաև Արամ Մանուկյանի տան մասին, մեր զրուցակիցը նախատեց նախևառաջ Դաշնակցությանը, որ հետևողական չեղավ այդ տունը պահպանելու հարցում։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան