Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է գրել. ՀԺ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է գրել. ՀԺ
Հայաստան
17:30, 23 апрель 2021
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և բուհի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին: Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից:

Նկատենք, որ աշխատանքային օրենսդրությունը որոշակի ժամկետ է նախատեսում՝ աշխատանքից ազատման դիմումը նախապես գրելու համար: 

Գեղամ Գեւորգյանը, պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե ազատման դիմումը պայմանավորվա՞ծ է իր նշանակման հետ կապված դատական հայցով, ասաց՝ ոչ, դա վաղուց անցած բան է, դիմումը գրել է իր ցանկությամբ:

Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին: Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ Գևորգյանը ռեկտորի պաշտոնակատար ընտրվելու ժամանակ եղել է «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալը, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքով (ԵՊՀ-ն հիմնադրամ է) չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ:
Գեւորգյանը առաջին ատյանի այս որոշումը բողոքարկել էր:

Նշենք նաեւ, որ նա ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար էր ընտրվել 2019 թվականի մայիսի 30-ին: