Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վարչապետի դեմ Քաջարանի համայնքապետի ու «Շուռուպի» կազմակերպած սադրանքներից մեկը տապալվել է

Սյունիքում վարչապետի դեմ Քաջարանի համայնքապետի ու «Շուռուպի» կազմակերպած սադրանքներից մեկը տապալվել է
Հայաստան
17:55, 23 апрель 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած սադրանքների կազմակերպմանը մասնակցել են Սյունիքի մի շարք համայնքապետեր։ Civic.am-ի տեղեկություններով՝  նրանց թվում է նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարմազյանը։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թիմակիցն է և նորաստեղծ կուսակցության վարչության անդամը։ Իսկ Վահե Հակոբյանը չի հերքել մամուլի տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանի ցուցակի 2-րդ համարն է լինելու։ 

Փարմազյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նրա տեղակալ Զոհրապ Առաքելյանը և մամուլի քարտուղար Արմինե Սարուխանյանը Civic.am-ին հայտարարեցին, որ համայնքի ղեկավարը չի մասնակցել Ագարակում տեղի ունեցած միջադեպին։ 

Քաջարանից մեզ հասած տեղեկություններով՝  նաև Փարմազյանն է կազմակերպել  վարչապետի դեմ ակցիաները։ Քաջարանի բնակիչները պատմեցին, որ սադրանքներին մասնակցել է ոչ միայն Փարմազյանը, այլև համայնքապետարանի, մանկապարտեզի, արվեստի դպրոցի աշխատակիցներ, ինչը ունեցել է կազմակերպված բնույթ։
 
Աղբյուրի փոխանցմամբ, սադրանքները կազմակերպել է նաև համայնքապետարանի աշխատակից Արմեն Անդրեասյանը՝ «Շուռուպ» մականվամբ։ Վերջինս մի խումբ մարդկանցով փորձել է փակել վարչապետի ճանապարհը, սակայն վարչապետը այլ ճանապարհով է շարունակել իր երթուղին և ակցիայի կազմակերպիչների այդ նախաձեռնությունը ձախողվել է։
 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ մի խումբ մարդիկ փորձում էին խոչընդոտել վերջինիս տեղաշարժը՝ հայհանքներ էին հնչեցնում, փորձում՝ սահմանափակել վարչապետի տեղաշարժը, որի ընթացքում քաշքշուք տեղի ունեցավ սադրանքի կազմակերպիչների և ոստիկանության ու պետական պահպանության աշխատակիցների միջև։ Երեկոյան, դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ և մի շարք անձինք ձերբակալվեցին, այդ թվում՝ Մեղրիի և Գորիսի համայնքապետերը։ Երեկ Քաջարանի համայնքապետը հրավիրվել է ՔԿ, սակայն չի ձերբակալվել։ 

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետը մեղադրյալ է քրեական գործով և մեղադրվում է մարդ առևանգելու համար։ 2020 թվականին Փարմազյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելը։ 2020 թվականի ապրիլին Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Փարամազյանի կանչով, Քաջարանում վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են Փարամազյանն ու շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը։ Հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան։
 
Վովա Հակոբյան