Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է. այդ խախտումները խրոնիկ բնույթ են կրում. վարչապետ

«Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, ձմեռային պայմաններում հայտնվել են իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հիշեցրեց նաև, որ բազմաթիվ մարդիկ զրկված են առողջապահական ծառայություններից և դեղորայքից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները. «120 հազար  մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»:

Նրա խոսքով՝ շատ դպրոցներ հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

«Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Լաչինի միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ փաստաթղթի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Ինչպես նշեց վարչապետը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում: