Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դե ֆակտո ստացվում է, որ իր պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետը՝ Լաչինի ճգնաժամի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի ճգնաժամը չի հանգուցալուծվել՝ բացառությամբ բնական գազի մատակարարման:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ ԼՂ-ում մի շարք ապրանքների թվում նաև պարենի դեֆիցիտ է նկատվում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Վարչապետը հիշեցրեց, որ ըստ այդ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը. «Այս դրույթը փաստացի չի իրագործվում: Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»: