Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեև Անի խոշորացված համայնքի նախկին ավագանին չի հաստատել 2023 թ․ սուբվենցիոն հայտերը, ելքեր ենք փնտրում՝ գոնե մի քանի հայտ հաստատելու համար․ Անի համայնքի ղեկավարի ԺՊ

Քանի որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանին մինչև լուծարվելը չի հաստատել 2023 թվականի սուբվենցիոն հայտերը, այդ պատճառով համայնքում շատ խնդիրներ կմնան չլուծված, և կառաջանան որոշակի դժվարություններ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց  Արման Սարիբեկյանը, որը դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Ծրագիրը իրենց ձեռքում է եղել, նշանակվելուց հետո ես ուսումնասիրել եմ և տեսել, որ վեց սուբվենցիոն ծրագրեր կան, որոնք չեն հաստատվել ավագանու կողմից, որպեսզի ընթացք տրվի։ Ոչ մի պատճառաբանություն չեմ լսել, դեռ ընդունման-հանձնման պրոցեսի մեջ ենք»,- ասաց Արման Սարիբեկյանը։

Նա նշեց, որ Անի համայնքը բավականին շատ խնդիրներ ունի, սակայն առաջնայինը խմելու ջրի խնդիրն է, և այդ ուղղությամբ արդեն համապատասխան մարմինների հետ պայմանավորվածություն կա, որպեսզի հանդիպեն և հասկանան, թե ինչպես պետք է խնդիրը կարգավորեն։ 

Արման Սարիբեկյանի խոսքով՝ համայնքում կա նաև լուսավորության խնդիր, արտաքին լուսավորության  30-35 տոկոսը խափանված է, կա գլոբալ խնդիր, և կա այրված լամպերը նորերով փոխարինելու խնդիր։ Դրա սպասարկումն իրականացրել է ինչ-որ մի կազմակերպություն, որը պատշաճ չի կատարել իր գործառույթը։

Ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, ապա այստեղ ևս խնդիրներ կան, գյուղամիջյան ճանապարհները դեռ մնում են վատ վիճակում, և քանի որ  սուբվենցիոն հայտ չի ներկայացվել, պետք է հասկանան, թե ինչպես կարող են այդ խնդիրները կարգավորել։ 
Արման Սարիբեկյանը նաև նշեց, որ այս պահին առաջնային խնդիրները կփորձեն կարգավորել, ինչից հետո կսկսեն աշխատել, որպեսզի ներդրումներ կատարվեն իրենց համայնքում, նախկինում ոչ մեկը չի փորձել ներդրում անել, վստահություն չի եղել, համայնք-ներդրող կապ չի եղել։ 

Ի դեպ, համայնքի կենտրոնում դեռ նախատոնական աշխատանքներն ընթացքի մեջ են: Արման Սարիբեկյանը տեղեկացրեց, որ նախկինում նման ամանորյա լուսավորություն հրապարակում չի եղել, նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո համայնքում նախատեսված է նաև տոնական միջոցառում։

Մենք զրուցեցինք նաև համայնքի բնակիչների հետ, որոնք նախ խաղաղություն են ուզում, հետո նոր նշում համայնքային խնդիրները, որոնք կցանկանային լուծված տեսնել։
 
Հիշեցնենք, որ Անի համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն մասնակցող ուժերից որևէ մեկը չէր հավաքել 50+ տոկոս ձայն: Համայնքում ուժերը կոալիցիաներ այդպես էլ չձևավորեցին, ինչի պատճառով կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, և անցկացվելու են նոր ընտրություններ:
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան