Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի փակման ամենաիրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում. մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից. վարչապետ

«Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքը ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»,- այսօր՝ հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս գործողությամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ: 

Վարչապետի համոզմամբ՝ Լաչինի միջանցքի փակման ամենաիրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում. «Եվ միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»: