Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն մտովի տկար մարդիկ կարող են ապրիլի 24-ի «Ռեքվիեմ»-ը կապել քաղաքականության հետ․ սուտ էր, թե համերգին չմասնակցող երաժիշտներ են եղել․ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան

Միայն մտովի տկար մարդիկ կարող են ապրիլի 24-ի «Ռեքվիեմ»-ը  կապել քաղաքականության հետ․ սուտ էր, թե համերգին չմասնակցող երաժիշտներ են եղել․ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան
Հայաստան
16:52, 26 апрель 2021
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, երբ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է հնչեր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ նահատակների, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ու կողմնակիցներ հանդես եկան, այսպես ասած, ֆլեշ-մոբով։ Նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում համերգը խափանելու նպատակով տարածել էին գրառում՝ կոչ անելով երաժիշտներին չնվագել Փաշինյանի հովանու ներքո կազմակերպված համերգին և չգնալ համերգ-ընդունելությանը։ Ֆլեշ մոբի մասնակիցների թվում էին երգչուհի Սոֆի Մխեյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող «Արմնյուզ» հեռուսատնընկերության լրագրողներից ոմանք և այլոք։ 

Նշենք, որ ապրիլի 24-ի երեկոյան արդեն երրորդ «Ռեքվիեմ»-ը հնչեց։ Համերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո էր, և հենց այդ համերգին մասնակցում էին նաև Հայաստան ժամանակ բարձրաստիճան հյուրերն ու դիվանագիտական պատվիրակությունները։ 
Մամուլում տարածվեց տեղեկատվություն, թե խոսակցություններ կան, որ որոշ երաժիշտներ, հետևելով ֆլեշ-մոբին, հրաժարվել են նվագել։ Civic.am-ի հետ զրույցում  համերգի դիրժոր Ռուբեն Մլքեյանը ընդգծեց, որ դա իրականության հետ աղերս չունի և համերգն անցել է հրաշալի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից էլ մեզ տեղեկացրեցին, որ տվյալ համերգի փորձերը տևել են օրեր և փորձերին մասնակցած բոլոր երաժիշտները մասնակցել են համերգին՝ «որևէ մեկը չի բացակայել և տարածված տեղեկատվությունը սուտ է»։  

Դիրժոր Ռուբեն Մլքեյանին հարցրեցինք՝ ի՞նչպես կգնահատի նահատակների հիշատակի համերգը բոյկոտելու ֆլեշմոբը, որի պատճառաբանության հիմքում Արցախյան պատերազմում ունեցած զոհերի մեծ թիվն ու Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներն են։

«Այն մարդիկ, որոնք դեռ մտովի տկարություն ունեն և չեն կարող հասկանալ, որ ապրիլի 24-ին պետք է հնչի «Ռեքվիեմ»՝ ամբողջ ազգի կորստի հիշատակի համար, և դա ուզում են փորձեն կապել քաղաքականության հետ ես այդպիսի մարդկանց որևէ բան չունեմ ոչ բացատրելու, ոչ էլ իրենց հետ խոսելու։ Եթե կան այնպիսի երաժիշտներ, որոնք միացել են այդ ֆլեշ-մոբին, ապա իրենք չունեն իրավունք երաժիշտ կոչվելու, որովհետև, երբ հանճարեղ ստեղծագործությունը կապում են քաղաքականության հետ, և այդ երաժիշտը մի խումբ հիմար մարդկանց հայտարարությունների հետ համատեղ է ուզում ապրել՝ ուրեմն ինքը գործ չունի արվեստի՝ հատկապես երաժշտության հետ»,-արձագանքեց մեր զրուցակիցը։

Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ ապրիլի 24-ին հայ ազգի նահատակների համար իրենք Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» են կատարել և ինքը բացարձակապես հաշվի չի առել, թե ինչ են խոսում և ինչ կարող են խոսել․ ««Ռեքվիեմ» նշանակում է հոգեհանգստի պատարագ, այսինքն՝ մենք պատարագ մատուցեցինք։ «Ռեքվիեմը» համաշխարհային երաժշտության գրականության մեջ ամենահզոր գործերից մեկն է, որը գրվում է օրկեստրի  և երգչախմբի համար, որի տեքստը կանոնիկ հոգևորական տեքստ է։  Մեր Տիգրան Մանսուրյանը գրել է այդպիսի հանճարեղ գործ և մենք այսօր մեր նահատակների հիշատակին կարող ենք երգել մեր հայկական «Ռեքվիեմը»»։

Դիրիժորը գտնում է, որ եթե ինչ-որ մեկը դեմ է ապրիլի 24-ին «Ռեքվիեմի» կատարմանը՝ ապա այդ մարդը չի կարող լինել նորմալ մարդ․ «Նա չհասունացած, չկայացած երաժիշտ է։ Իմ ազգի հիշատակի՝ ապրիլի 24-ի օրը բոլորս պարտավոր ենք խոնարհվել մեր նահատակների առաջ՝ ամեն մեկն իր ունակությունների և հնարավորությունների չափով։ Երաժիշտների ունակությունների դեպքում պատարագ երգելն է, «Ռեքվիեմ» երգելն է, որը մենք արել ենք։ Եթե որևէ երաժիշտ դրան դեմ է եղել՝ նա ինձ համար գոյություն չունի որպես երաժիշտ»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հերթական համերգն է կազմակերպվել։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Համերգն անցկացվել է վարչապետի հովանու ներքո, ներկա է եղել վարչապետը տիկնոջ հետ, ինչպես նաև դիվանագիտական պատվիրակություններ ։
  
Նարա Մարտիրոսյան