Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, ինչ Հայաստանը կարող է արտահանել Թուրքիա, չի կարող արդյունավետ լինել ավիափոխադրման միջոցով, այստեղ իմիտացիայի մասին է խոսքը. փորձագետներ

Այն, ինչ Հայաստանը կարող է արտահանել Թուրքիա, չի կարող արդյունավետ լինել ավիափոխադրման միջոցով, այստեղ իմիտացիայի մասին է խոսքը. փորձագետներ
Հայաստան
18:24, 09 январь 2023
Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ 

Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից այս քայլը սիմվոլիկ նշանակություն ունեցող իրադարձություն է. «Սա ցույց է տալիս, որ հարաբերությունների սերտացման կամ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ևս մեկ միջանկյալ քայլ արվեց, որին պետք է մյուս քայլերը հաջորդեն։ Իսկ թե փոխադարձ առևտրի մասով ի՞նչ կտա՝ դժվար է դրա վրա մեծ հույս դնել այն առումով, որ այն, ինչ Հայաստանը պոտենցիալ կարող է արտահանել Թուրքիա, չի կարող արդյունավետ լինել ավիափոխադրման միջոցով»։ 

Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի կողմից օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը շոշափելի ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերություններում կամ Հայաստանի արտաքին առևտրում, այլ բան է, եթե սրան հաջորդի ցամաքային բեռնափոխադրումների հնարավորությունների ստեղծումը։ Արմեն Քթոյանը կարծում է նաև, որ կլինեն հայ տնտեսվարողներ, որոնց համար այս քայլը կարող է զարգանալու խթան հանդիսանալ։

«Մինչ թուրքական ապրանքների արգելքը լուրջ դիսբալանս կար հայ-թուրքական առևտրաշրջանառության մեջ։ Առևտրաշրջանառության 95 տոկոսից ավելին Թուրքիայից Հայաստան ներմուծումն էր։ Սա նշանակում է, որ ոչ թե մենք, այլ Թուրքիան է օգտագործում մեր շուկան»,- հավելեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ կա նաև Իրանի պարագայում՝ արտաքին առևտուրն Իրանի հետ պակասորդով է. «Իրան արտահանված մեր յուրաքանչյուր միավոր ապրանքի դիմաց 4-5 միավոր ապրանք ենք ստանում Իրանից։ Այսինքն՝ ունենք 4/1, 5/1 հարաբերակցություն՝ ի վնաս մեր արտաքին առևտրի»։ 

Տնտեսագետն ընդգծեց, որ չնայած սրան՝ մեր առևտրային հարաբերություններն Իրանի հետ ինտենսիվ կերպով զարգանում են, ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը. «Իրանը պատժամիջոցների տակ գտնվող երկիր է և առևտրային գործընկերների լայն ընտրության հնարավորություն չունի։ Ցանկացած շուկա, որտեղ կարող է Իրանը մտնել, նույնիսկ մեր երկրի պես ոչ մեծ շուկա, իր համար շատ կարևոր է»։

Հայաստանի ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: «Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ընդգծել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 

Մեր հարցին՝ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմամբ Հայաստանում թուրքակա՞ն, թե՞ իրանական ապրանքն ավելի էժան կվաճառվի, տնտեսագետն արձագանքեց. «Եթե նույն՝ փոխարինող ապրանքն ենք դիտարկում, պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի տնտեսությունը շատ բարձր մակարդակի գնաճի ճիրաններում  է, լիրան վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ արժեզրկվել է, և սա նշանակում է, որ թուրքական ապրանքները եթե վերածենք դրամի, ապա այդ պարագայում Հայաստանում կդառնան դրամով արտահայտված շատ ավելի էժան, քան եթե հիպոթետիկ պատկերացնենք հայկական ապրանքը Թուրքիայում։ Իսկ եթե Իրանի հետ համեմատենք, ապա Իրանում ևս գնաճային դրսևորումներ կան, բայց այն շատ ավելի թույլ է արտահայտված, քան Թուրքիայի պարագայում է, և արժեզրկման պրոցեսները պակաս ինտենսիվ բնույթ ունեն։ Այսինքն՝ եթե նույն ապրանքը վերցնենք՝ իրանական և թուրքական, ապա թուրքականը որոշ մրցակցային առավելություններ կունենա փոխարժեքով պայմանավորված»,- ասաց տնտեսագետը։ 

Քաղաքագետ Նելլի Մինասյանն էլ անդրադառնալով Թուրքիայի կողմից ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը՝ նշեց, որ դա հայ-թուրքական հարաբերություններում հետագա երկխոսության իմիտացիայի շարունակության հետ է կապված: «Այսօրվա ստեղծված իրավիճակում չկան այն քայլերը, որոնք թույլ կտան ենթադրելու, որ Թուրքիան ուզում է գնալ սահմանների բացման։ Սա ամբողջությամբ թուրքական կողմից է կախված, հետևաբար այստեղ իմիտացիայի մասին է խոսքը, ուզում է ցույց տալ խոշոր տերություններին, որ ինքը շարունակում է բանակցությունները սահմանների բացման հետ կապված։ Իսկ սահմանների բացման համար Թուրքիայի առաջին նախապայմանը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է»,- ասաց քաղաքագետն ու ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային մեծ բան չի տալու, որովհետև Թուրքիայի տնտեսական հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ մեծ չեն։ 

Նելլի Մինասյանը ընդգծեց նաև «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը Թուրքիայի համար. «Թուրքիան և Վրաստանով, և Իրանով կապվում է Ադրբեջանի հետ, Հայաստանով ևս կարող է, բայց իրեն պետք է էքս-տերիտորիալ տարածք, որը չվերահսկվի երրորդ երկրի կողմից և ազատորեն տեղաշարժ ապահովի Նախիջևանով Ադրբեջան և թուրքական երկրներ»։   

Նարա Մարտիրոսյան