Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով ավելի հետաքրքրիր է դառնում և այս իմաստով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում․ վարչապետ

«Այո, Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին և պիտի ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ, այն առումով, որ կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցություններում դինամիկան և սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և քանի որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը, երբ կարելի է արդեն գործնական արդյունքներ ակնկալել։ 

Վարչապետը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ շատ կարևոր է, որպեսզի դինամիկա ունենանք հարաբերություններում։

Վարչապետը հույս հայտնեց, որ որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում են դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացում։ 

«Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, և կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքրիր է դառնում քան նախկինում և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։ Եվ այս իմաստով իհարկե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում և ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով։ Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ պատրաստակամությունը, ինչպես նախկինում հայտարարել եմ՝ նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք և շահագրգռված ենք դրանով»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում