Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապիկյանը հայտնել է ՊՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը

Պապիկյանը հայտնել է ՊՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը
Հայաստան
14:32, 10 январь 2023
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ:

ՊՆ-ից փոխանցում են, որ հանդիպմանն ամփոփվել է դեկտեմբերին ավարտված առաքելության գործունեությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:

ԵՄ նոր առաքելության մասին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելն էր հայտարարել, նշելով, որ միությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Նա ընդգծել էր՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Պատվիրակությանն օրերս ընդունել էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատվիրակության հետ հանդիպմանը Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է Պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը: