Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ կարող փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում ժողովրդից ստացած իշխանությունը, վերցրեք. Փաշինյանը՝ նաև գերիների ու անհետ կորածների մասին

Ես չեմ կարող փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում ժողովրդից ստացած իշխանությունը, վերցրեք. Փաշինյանը՝ նաև գերիների ու անհետ կորածների մասին
Հայաստան
14:57, 10 январь 2023
«Ես չեմ կարող փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում ժողովրդից ստացած իշխանությունը, վերցրեք. իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը, և այստեղ քննարկելու երկրորդ հարց չկա»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում պատասխանելով Irakanum.am-ի լրագրողի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ 2018-ից հետո ինքը 2 անգամ հրաժարական է տվել. «Երկու անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից. ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև ինչ սրանից հետո է տեղի ունենալու: Այդ պատասխանատվությունը կկրեմ մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ»:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին առնչվող հարցին, վարչապետն ասաց, որ որոնողական աշխատանքներ են տեղի ունենում. «Ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել: Ուզում եմ նաև հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր բոլոր 17 ռազմագերիները վերադարձվել են: 44-օրյա պատերազմից էլ մենք շուրջ 200 անհետ կորած ունենք»:

Իսկ թե ինչու Ադրբեջանը բոլոր գերիներին չի վերադարձնում, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դա լծակ է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որպեսզի Հայաստանը, նաև ներքին ճնշումներով, գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում ՀՀ շահերին. «Եվ դա արվում է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով, բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Սակայն քանի դեռ չեն վերադարձել մեր գերիները, ուրեմն այդ ջանքերը բավարար չեն»: