Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 մլն 46 հազար 90 մարդ է մուտք գործել Հայաստան. ԱՎԿ-ն ներկայացրել է 2022 թ. հունվար-նոյեմբերի տվյալները

3 մլն 46 հազար 90 մարդ է մուտք գործել  Հայաստան. ԱՎԿ-ն ներկայացրել է 2022 թ. հունվար-նոյեմբերի տվյալները
Հայաստան
11:32, 11 январь 2023
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել  ՀՀ պետական սահմաններով իրականացված մուտքերի և ելքերի  մասին։  

Ըստ քաղաքացիության/փաստաթղթի երկրի՝  2022թ. հունվար-նոյեմբերին ՀՀ  մուտք  է գործել 3 մլն 46 հազար 90,  ելք է ունեցել 3  մլն 18  հազար 263  մարդ։ Մասնավորապես, ՀՀ մուտք գործած 1 մլն 314 հազար 433 մարդ ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ-ից ելք է ունեցել մեր երկրի քաղաքացիություն ունեցող 1 մլն 337 հազար 891 մարդ։ Հաշվետու ժամանակաշրջանում ՌԴ քաղաքացիություն ունեցող 1  մլն 16 հազար 223 անձ է մուտք գործել, ելք է ունեցել 967   հազար 696  անձ։  

Ըստ թվաքանակի՝ հաջորդ տեղում հարևան Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք են.   հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ է մուտք գործել այդ երկրի  քաղաքացիություն ունեցող 224 հազար  383 անձ, ելք է ունեցել՝ 218 հազար  465 անձ։ ԻԻՀ քաղաքացիություն ունեցող 124 հազար 467 անձ մուտք է գործել, 125 հազար 695-ը՝ ելք ունեցել։ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ելքն ու մուտքն ունի հետևյալ թվային պատկերը. մուտք՝ 27 հազար 361, ելք՝ գրեթե նույնքան՝ 27 հազար 310 անձ։ 

Մեր երկիր մուտք են գործել նաև մյուս հարևան մեկ այլ պետությունից՝  Թուրքիայից։ Մասնավորապես այդ երկրի քաղաքացիություն ունեցող 9 հազար 415  մարդ է մուտք գործել, 9 հազար 187-ը՝ ելք ունեցել։   
  
Մեր երկիր հունվար-նոյեմբերին ելք ու մուտք են ունեցել նաև հետևյալ երկրների քաղաքացիություն ունեցողները՝ ԱՄՆ (մուտք՝ 54  հազար 686, ելք՝ 56 հազար 173 ), Ֆրանսիա  (մուտք՝ 24 հազար 646, ելք՝ 25 հազար 215), Գերմանիա (մուտք՝ 24 հազար  898, ելք՝ 25  հազար 249)։ ՀՀ ելումուտ են ունեցել նաև Բելառուսի, Հնդկաստանի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Լեհաստանի, Տաջիկստանի և այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք։  

Սահմանային Զվարթնոց անցակետով  ՀՀ մուտք գործած քաղաքացիների թիվը 1  մլն 601 հազար 525 է (այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ 506  հազար 556 անձ), ելք ունեցածների թիվը՝ 1 մլն 559 հազար 222 (այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ 534 հազար 865 անձ)։
Բագրատաշեն սահմանային անցակետով ՀՀ է մուտք գործել 965 հազար 799, ելք ունեցել՝ 968 հազար 920 անձ։   
ՀՀ մուտք եղել է նաև Գյումրիի, Մեղրիի, Այրումի, Բավրայի և մյուս  սահմանային անցակետերից։