Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ ենք համարում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան

Անհրաժեշտ ենք համարում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան
Հայաստան
12:36, 13 январь 2023
«Մենք անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը», - G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև «ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը»։

«Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը», - ընդգծել է նա։

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ «միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով»։

«Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ», - ասել է Արարատ Միրզոյանը։

Արցախն արդեն մեկ ամիս է շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիաները շարունակում են փակ պահել: Երեկ անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականը խափանումներով է գործում:

Արդեն չորս օր է՝ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքների համար։