Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի համայնքապետը մոռացել է Սյունիքի անվտանգության խնդիրների մասին, 2 օր է՝ առավոտից երեկո հարցազրույց է տալիս, թե իր բիզնեսին են կպնում․ Սիսակ Գաբրիելյան․Տեսանյութ

Համայնքապետը կարծես թե մոռացել է Սյունիքի անվտանգության խնդիրների մասին և երկու օր է առավոտից երեկո հարցազրույցներ է տալիս ու ասում է՝ իմ բիզնեսին են կպնում․Սիսակ Գաբրիելյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ  ներկայացնում է օրենքի մի նախագիծ, որով փորձում են վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը։

«Կարծում եմ՝ քաղաքացիների համար ակնհայտ կլինի, թե օրինակ ինչո՞ւ վարչապետի այցի ժամանակ կոնկրետ անձանց շրջանակներ դրսևորեցին նման խուժան վարքագիծ։ 2017 թվականի վերջին մի համայանքապետ է լինում, նա նամակով դիմում է այն ժամանակ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու  համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն։ Կառավարության կողմից հավանության է արժանանում այդ գաղափարը։

Նախորդ գումարման խորհրդարանը ընդունում է հարկային օերնսգրքում մի փոփոխություն, որը թվում էր, թե առաջին հայացքից իսկապես լավ բան է, խոսքը վերաբերում է Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում այդտեղ, եթե ԻԻՀ-ից են մեքենաները գալիս, իրենք ազատվում  են ճանապարհային հարկի վճարումից, խոսքը գնում է մինչև 300 դոլար դրույքաչափի մասին՝ 152 000 դրամ։ ԱԺ-ն ընդունում է այդ օրենքը և փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության  վրա, դեռևս 2004 թվականից գործում է մի հատ պահեստ, որը ստանում է մաքսային պահեստ լիցենզիան»,-ասաց Սիսակ գաբրիելյանը։ Նշենք, որ պատգամավորի նշած ժամանակից Մեղրի համայնքի ղեկավարը Մխիթար Զաքարյանն է։

Այնուհետև պատգամավորը նշեց, որ ֆիզիկապես երկրորդ պահեստը այնտեղ պարզապես  հնարավոր չի կառուցել, որովհետև պահեստը նաև որոշակի տարածություն է զբաղեցնում։ 

Պատգամավորի խոսքով՝ այդ պահեստը գտնվում է 900 մետր հեռավորության վրա և փաստացի երկու տարի օգտվում է  այս արտոնությունից, եթե մեքենաները իր մոտ են գալիս։

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ պահեստի սեփականատերը հանդիսանում է Մեղրիի համայնքապետի կինը։

«Բայց սա էլ վերջը չէ։ Օրինակ՝ 2019 թվականին այդ պահեստում ԻԻՀ-ից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին  իր ընտանիքին պատկանող բիզնեսը։ Այսինքն՝ ոչ միայն պահեստի մասով է եղել արտոնություն, այլև դիզվառելիքի ներմուծման բիզնես է եղել։ Անունները չթվարկեմ, մոտ 70 տոկոսը եկել է այդտեղ է դատարկվել, այսինքն՝ ամեն մեքենան մոտավորապես մինչև 300 դոլար արժողությամբ չի վճարել ճանապարհային հարկը, իսկ դիզվառելիքի և բենզինի մեջ՝ ըստ մյուս ներկրողների, դա կազմում է մոտավորապես 15-20 դրամ՝ սակագնի մեջ տարբերություն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Վերջինս նաև նշեց, որ 2020 թվականին ԻԻՀ-ից Հայաստան է մուտք գործել 34 000 մեքենա, որից ընդամենը 2600-ն է գնացել այս պահեստ, և որից կրկին առյուծի բաժինը երեք ընկերություններն են։

«Որոնցից երկուսը  ես փորձեցի ռեգիստրում տեսնել, նաև տվյալ համայնքապետը էս վերջին երկու օրը արդեն կարծես թե մոռացել է  Սյունիքի անվտանգության մասին, Սյունիքի խնդիրների մասին և  առավոտից երեկո հարցազրույցներ է տալիս ու ասում է իմ բիզնեսին են կպնում։ Այսինքն՝ արդեն սովորական է դարձել, որ ինքը բիզնեսմեն է և օրինակի համար ասում է, որ այն հայտնի միջադեպից հետո իմ բիզնեսի հետևից են ընկել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այս նախագիծը շրջանառության մեջ է  դրվել ապրիլի մեկին կամ երկուսին, այսինքն՝ այդ միջադեպից 25 օր առաջ այս շրջանակը կարծես թե գիտակցել էր, որ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար գրված օրենքը։ Ավելին ՊԵԿ նախագահի տեղակալը ապրիլի 21-ին է այցելել տվյալ մաքսային պահեստ և տեղում արձանագրել կոպտագույն խախտումներ, որոնք հետագայում ՊԵԿ նախագահի հրամանով  համարվել են գործունեության հետ անհամատեղելի և դադարեցվել է տվյալ մաքսային պահեստի գործունեույթյունը»,-ասաց պատգամավորը։

Վերջինս կարծում է, որ այսքանով արդեն մեր քաղաքացիներին  ակնհայտ է, թե հատկապես  ինչու այդ շրջանակը նման կերպ էր արձագանքում վարչապետի այցին։  

Պատգամավորը նաև նշեց, որ իր համար այո՛, Սյունիքում կան խնդիրներ, այո՛, սյունեցիներն այսօր գուցե ունեն նաև անվտանգության որոշակի մտավախություններ, բայց այդ շրջանակն իր խորին համոզմամբ  ակտիվացած էր և հատկապես նման խուժան վարքագիծը պայմանավորված էր այս նախագծերով։ 

«Այս արտոնության վերացումից հետո արդեն իսկ կան գործարարներ, որոնք  պատրաստ են ներդրում կատարել և ես կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու ամսում արդեն Սյունիքում կլինեն նոր մաքսային պահեստներ, իրապես կստեղծվեն նոր աշխատատեղեր, որովհետև այս օրենքի արտոնությունը խանգարում էր, որպեսզի մյուս տնտեսվարողներն այնտեղ պահեստ բացեին, որովհետև ձեռք չէր տալիս, իրենք  այդ մեկ կմ-ի մեջ չէին ընկնում։ Եվ ես մեր հարգելի համայնքանպետին խորհուրդ կտամ իրապես զբաղվել կա՛մ իր բիզնեսով, կա՛մ համայնքի խնդիրներով»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Ի հավելում նա նշեց, որ թեև համայնքի խնդիրներով էլ է կառավարությունը զբաղվում, քանի որ ինչպես մեղրեցիներն են իրենց  հետ զրույցում նշում, գոնե վերջին 10-15 տարիների ընթացքում իրենց առաջնային խնդիրներից մեկը եղել է գազի խնդիրը և կարծես թե այս հարցով իրենք առաջիկայում ունենալու են վերջնական լուծում և մեղրեցիներին հուզող հիմնալկան հարցը  առաջիկայում կլուծվի։