Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավթաշենի նախկին թաղապետը հին փաստաթուղթ է հրապարակել՝ այն կապելով արտահերթ ընտրության հետ

Դավթաշենի նախկին թաղապետը հին փաստաթուղթ է հրապարակել՝ այն կապելով արտահերթ ընտրության հետ
Հայաստան
16:34, 28 апрель 2021
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում հրապարկել է գաղտնի փաստաթուղթ՝ Ոստիկանության կենտրոնի բաժնի գրությունն ուղղված Երևանի քաղաքապետարանին։ Փաստաթուղթն արդեն իսկ շրջանառվում է սոցցանցերում և մամուլում՝ ներկայացվելով իբրև նոր իրողություն։

Նշենք, որ փաստաթղթի բովանադակությունից հասկանալի է, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժինը դիմել է Երևանի քաղաքապետարանաին, որպեսզի վերջինս ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում տրամադրի մի շարք նախադպրոցական, դպրոցական, երաժշտական, արվեստի ուսումնական հաստատություններում 2015-2020թթ․ պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց աշխատանքային պայմանգրերի պատճեները, աշխատավարձերի ցուցակները, բացակայությունների վերաբերյալ տեղեկատվություն և այլն։  Փաստաթղթում գրառված է կրթօջախներում աշխատող անձանց անուն ազգանունները։ Ինչպես նաև ոստիկանությունից խնդրել են նաև, որ քաղաքապետարանի տվյալ ոլորտը համակարգող աշխատակիցը ներկայանա Կենտրոնական բաժին։  

Սակայն Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը դեռևս փետրվարի 17-ի գրությունը վերագրել է նախընտարական քարոզարշավին և մեկնաբանել, որ շինծու գործով կրթօջախների աշխատակիցները հրավիրվում են ոստիկանություն․ «Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ-որ շինծու գործով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ»,-գրառել է նա: 

ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին պարզաբանեցին, որ հրապարակված փաստաթուղթը գրվել է փետրվարի 17-ին․ «Հրապարակված գրությունը փետրվարի 17-ի գրություն է։ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ տեղեկությունները ստուգելու նպատակով խնդրել է, որ իրենց ոլորտի պատասխանատուն ներկայանա ոստիկանություն»,-նշեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ու հավելեց, որ  այդ տեղեկությունների ստուգման արդյունքում փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննության՝ 179 (յուրացնելը կամ վատնելը)  և 325 (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածնեերի հատկանիշներով։  


Նարա Մարտիրոսյան