Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եկել ենք մի իրավիճակի, երբ ընտրողներն են դիմագրավելու մաֆիային, որ նրանք չվերադառնան իշխանության»

«Եկել ենք մի իրավիճակի, երբ ընտրողներն են դիմագրավելու մաֆիային, որ նրանք չվերադառնան իշխանության»
Հայաստան
17:11, 28 апрель 2021
Ինչպես նախապես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Հաշվի առնելով դատարանների ներկայիս գործելաոճը և այն, որ անկախ անձի կատարած արարքի ծանրությունից, ոչ ոք չի կալանավորվում, Civic.am-ը  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հարցրել է, թե հնարավո՞ր է արդյոք այսպիսի դատարաններ ունենալու պարագայում վստահ լինել, որ ընտրությունների ժամանակ խնդիրներ չեն առաջանա։ 

«Նույնիսկ անկախության հանրաքվեն, կամ առաջին նախագահական ընտրությունները, կամ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ դատական համակարգը բարվոք վիճակում չէր գտնվում։ Այնպես որ ընտրությունների ժամանակ իհարկե շատ կարևոր նշանակություն ունի քաղաքացիների ակտիվությունը, քաղաքացիների դիրքորոշումները և քաղաքացիների կողմնորոշումները, թե ինչ գաղափարների, ինչ ծրագրերի, ինչ մոտեցումների են քվեարկելու, կամ օգտին կամ դեմ են քվեարկելու։ Բայց ես չեմ կարծում, որ այսօրվա իրավիճակում մենք կարող ենք ունենալ մեծ ակնկալիքներ, որ դատարանները պատշաճ արձագանք կտան ընտրական խախտումներին, եթե դրանց հիմքով դիմումներ ներկայացվեն»,-ասաց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը հարց բարձրացրեց, թե նույն իրավապահ մարմինները կկարողանա՞ն դիմագրավել քրեական, մաֆիոզ խմբավորումների ներգրավմանը՝ քաղաքական գործընթացներին։ Նա նշեց, որ մինչև դատարան հասնելը պետք է կարողություն լինի՝ թույլ չտալու, կանխելու նման խախտումենրը, որտեղ էլ նա ունի ամենամեծ մտահոգությունը։ «Որովհետև դատական բողոքարկման շրջանակներում հիմնականում այնպիսի հարցեր են, որոնք արդեն ընտրական պրոցեսի վրա կարող են նշանակություն չունենալ, դա հետո է դառնում դատաքննության առարկա՝ արդարության վերականգնման կամ պատասխանատվության ենթարկման տեսակետից։ Այսինքն՝ ընտրությունների համար մեծ նշանակություն են ունենում դատական ակտերը։ Կարող են լինել թեկնածուների գրանցման հետ կապված հարցեր։ Առանցքում հիմա ավելի շատ պետք է դիտարկել պետական ինստիտուտներին, որոնք անմիջական և ուղղակի անելիք ունեն ընտրական գործընթացները խոչընդոտող, խանգարող գործոնների կանխման ուղղությամբ»,-ասաց Արթուր Սաքունցը։   
 
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ընտրությունների ժամանակ դիտորդություն են իրականացնելու, բայց նաև մտահոգություններ ունեն՝ կապված դիտորդների պաշտպանվածության հետ, որովհետև, իրենք չգիտեն, թե ինչպիսի մարտահրավերների կարող են առնչվել ընտրական տեղամասերում և տեղամասերից  դուրս։

«Այս առումով մեր՝ դիտորդներիս հիմնական գործընկերն այս պահին մենք տեսնում ենք քաղաքացիներին, և ի դեպ, հենց քաղաքացիների սկզբունքային դիրքորոշումներն են որոշիչ լինելու»,-ասաց իրավապաշտպանը։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ այս առումով ոմանք մոռանում են, որ արդեն հեղափոխություն իրականացրած քաղաքացին այնպիսի աննախադեպ գիտակցության աճ է դրսևորել՝ պատասխանատվության տեսակետից պետության հանդեպ, որ շատերը, որոնք այդ քաղաքացիներից փորձում են ստանալ քվե, այսինքն՝ իշխանություն ձևավորելու այդ լիազորությունը, արժանի չեն այդ քաղաքացիների գիտակցությանը և պատասխանատվությանը։ Սաքունցի խոսքով՝ իշանությունը չկարողացավ համակարգային փոփոխություններ կատարել, չկարողացավ կանխել պատերազմը, չկարողացավ արժանվույնս ներկայացնել քաղաքացուն նրա ակնկալիքները, սպասելիքները, մյուս կողմից էլ նախկինները փորձում են վերականգնել իրենց այդ ավտորիտար կառավարման ոճը։ 

Իրավապաշտպանը նշեց, որ այստեղ ավտորիտար կառավարման և ժողովրդավարական կառավարման՝ իր բոլոր թերություններով ու բացերով, բայց տենդենցն է որոշվել և այստեղ լուրջ մրցակցություն է գնալու, որովհետև իշխանությունը չգիտակցեց, որ երկար տարիներ Հայաստանում մաֆիա է եղել։

«Մաֆիա, երբ ես ասում եմ, իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնսիկ չեն էլ հասկանում այդ բառը։ Բայց մաֆիան կազմակերպված ուժ է, մաֆիան հստակ արժեքների հիման վրա, կոնկրետ նյութական, փողային շահ էր  հետապնդում, կազմակերպված կառույց է և որը շարունակում է ունենալ ռեսուրսները, որոնք այդպես էլ մնացին իրենց ձեռքին։ Քրեական ծագման բոլոր ռեսուրսները մաֆիան պահպանեց, հիմա մաֆիան իր կյանքի ու մահվան պայքար է տալու»,-ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ հիմա մենք եկել ենք մի իրավիճակի, երբ ընտրողներն են դիմագրավելու մաֆիային, որպեսզի նրանք չվերադառնան իշխանության, լծակների չտիրապետեն։ 
   
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանն էլ խոսելով դատավորների պահվածքի մասին՝ ասաց, որ անհրաժեշտ էր իրականացնել վեթինգ՝ դատական համակարգում, հակառակ դեպքում ինչքան էլ լավ օրենք ընդունես, միևնույնն է բան չի փոխվելու, այսինքն՝ ամենալավ օրենքն էլ դատավորը կարող է  խախտել։ Նրա խոսքով՝ օրենքների մեջ չի խնդիրը, այլ օրենքը կատարողների մեջ է խնդիրը։ 

«Օրենքները կատարողների հետ կապված պետք է լիներ վեթինգ՝ դատական համակարգում, որեպեսզի դատավորները չարաշահումներ թույլ չտային, պետությունը պետք է անցումային ժամանակաշրջանում  այդ գործիքակազմը կիրառեր, ստուգեր՝ արդյոք դատավորները պայմանական ասած կապեր ունեն նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչցների հետ, թե ոչ․ խոսքը վերաբերում է ազգակցական որոշ կապերի, որոնք շատ մտերիմ են՝ քավորսանիկական են,  կամ կապված են օրենքով գողերի հետ, կամ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ, կամ ունեն լուրջ բիզնեսներ»,- ասաց իշխանական պատգամավորը։ 

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այս բոլորը պետք է ստուգման ենթարկվեր վեթինգային հանձնաժողովի կողմից և եթե խախտումներ հայտնաբերվեին, ներկայացվեին ԲԴԽ-ին և այդ դատավորի լիազորությունները կասեցվեին, կամ կարգապահական պատասխանատվության ենթարկեին, դատական օրենսգրքում պետք է փոփոխություն կատարվեր, ԲԴԽ-ի լիարզությունների մեջ էլ պետք է փոփոխություն կատարվեր, որպեսզի այդ վեթինգն իրականացվեր։  «Եթե այդ պրոցեսը սկսվի, իմ կարծիքով լուրջ խնդիրներ կլուծվեն,  ոստիկանությունն իր գործառույթը պատշաճ կիրականացնի», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ 

Խոսելով նաև ընտրությունների օրը հնարավոր խախտումներից ու դրանք կանխարգելելուց, պատգամավորը համոզված է․ «Այլ բան է, որ հետընտրական պրոցեսների ժամանակ, պատժելիության հետ կապված խնդիր կարող է լինել, անձի փախուստը կամ գործին խոչընդոտելը կանխելու խնդիրներ կարող են առաջանալ։ Ես ոստիկանության վրա այս պահին ոչ մի կասկած չունեմ, որ ինքը պատշաճ իր գործառույթները կիրականացնի»։     

Լիլիթ Թադևոսյան