Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազության դիմաց ոստիկանին հարվածած Արծվիկ Մինասյանի քրոջ որդու կալանավորման որոշումը կբողոքարկվի

Դատախազության դիմաց ոստիկանին հարվածած Արծվիկ Մինասյանի քրոջ որդու կալանավորման որոշումը կբողոքարկվի
Հայաստան
18:37, 28 апрель 2021
Կենտրոն և Նորք –Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր որոշում է կայացրել, որով բավարարել է քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ, և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ»,- գրել է փաստաբանը։

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Գալստյանը նշեց, որ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի կատարման և որպես կալանավորման հիմք նշել է քննիչի կողմից բերված 3 հիմքերից միայն մեկը` խոչընդոտելու հիմքը։

«Իմ համոզմամբ` նշված ակտն ապօրինի է, հնարավորինս արագ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան։ Լիահույս եմ` դատարանը կկայացնի օբյեկտից որոշում, կկայացվի նոր ակտ, անձը կազատվի»,–ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։

Հեքիմյանը ձերբակալվել էր ապրիլի 23-ին՝  ջահերով երթից առաջ, ըստ նախաքննական մարմնի՝ փախուստը կանխելու համար։