Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզ ջուրը պղտորել. կրթօջախների աշխատակիցները հերքում են, թե գալիք ընտրության պատրվակով իրենց ոստիկանություն են կանչել. «ՀԺ»

Պարզ ջուրը պղտորել. կրթօջախների աշխատակիցները հերքում են, թե գալիք ընտրության պատրվակով իրենց ոստիկանություն են կանչել. «ՀԺ»
Հայաստան
11:03, 29 апрель 2021
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ 

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և այլ աշխատակիցների, կանչում են ոստիկանության բաժիններ, պահում նրանց մինչ ուշ գիշեր, նվաստացնում: Այդ ամենը նախկին պաշտոնյան որակում  է՝ որպես «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:

«Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ-որ շինծու գործով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ: Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, տասնյակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում եւ տեղադրել ոչ լավ ընթեռնելի մի փաստաթուղթ՝ որպես իր խոսքերի հիմնավորում:

Գրառման հեղինակը քաղաքապետին մեղադրում է, թե «այդ գործելաոճն իրականցվում է քվեներ ապահովելու համար»:

Նախկին թաղապետի հրապարակած փաստաթուղթը թեեւ դժվար ընթեռնելի է, բայց երևում է, որ ոստիկանությունը քաղաքապետարանին խնդրում է տրամադրել փաստաթղթում նշված կրթական հաստատություններում 2015-2020 թթ.-ին պայմանագրային հիմունքներով աշխատող մի խումբ անձանց (հիմնականում հավաքարար, պահակ, լաբորանտ) աշխատանքային պայմանագրերի պատճենները, նշված ժամանակահատվածում հաճախելիությունների եւ բացակայությունների տարբերության ցուցակները, տրամադրված աշխատավարձերի ցուցակները, աշխատավարձի տրամադրման ընթացակարգերը (առձեռն, անկանխիկ) աշխատանքային գործերի պատճենները:

Միաժամանակ խնդրում են նաեւ ապահովել նշված ոլորտի համակարգող աշխատակցի ներկայությունը ոստիկանություն: Նկատենք, որ փաստաթղթում ոչինչ նշված չէ գրության մեջ հիշատակված աշխատակիցներին Ոստիկանություն հրավիրելու մասին:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ռուսլան Բաղդասարյանի արած մեկնաբանությունը պարզապես անհեթեթություն որակեց՝ նշելով, որ այն հանրությանը մոլորության մեջ գցելու պարզունակ ապատեղեկատվություն է:

«Այդ գնահատականները՝ իբր նախընտրական գործընթացների հետ կապված, բնականաբար անհեթեթություն են: Բավական է ուղղակի տեսնել, թե այդ հրապարակված փաստաթուղթը ինչ ամսաթվով է թվագրված: Գրությունը 2021 թվականի փետրվարին է ոստիկանությունից քաղաքապետարան ուղարկվել, իսկ փետրվարին արտահերթ ընտրությունների հետ կապված հայտարարություն, քաղաքական որոշում հանրապետության ղեկավարության կողմից չի եղել: Այս իմաստով՝ դա անհեթեթություն է նույնիսկ ժամանակագրակական առումով: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, Ոստիկանությունը, բնականաբար, քաղաքապետարանին ոչինչ չի հանձնարարել, այլ խնդրել է ինչ-որ քրեական գործի շրջանակներում տվյալներ տրամադրել: Դա քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության շատ բնականոն օրինակ է: Իսկ թե ինչ քրեական գործ է, ինչ հանգամանքներ են այնտեղ քննվում, բնականաբար ես իրավասու չեմ նման տեղեկություն տրամադրել,- ասաց նա եւ հավելեց.
«Իսկ թե ինչու է վարչական շրջանի նախկին ղեկավարը, ֆեյսբուքյան օգտատերը այդպիսի պարզունակ ապատեղեկատվություն տարածում՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը, կարող ենք ենթադրել՝ ընդամենը վերհիշելով մամուլում արված պաշտոնական հաղորդագրությունները, համայնքային միջոցների վատնման կամ յուրացման հետ կապված նրա մասնակցությունը, եւ կարող ենք ենթադրել այդ պարզունակ ապատեղեկատվությունը տարածելու դրդապատճառները»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ գրությունը փետրվարի 17-ին է գրված եղել, որտեղ նշված է, որ ոստիկանություն ներկայանա քաղաքապետարանի համապատասխան մասնագետը պարզաբանումների համար, քանի որ տեղեկություններ են եղել, որ տվյալ ուսումնական հաստատություններում տարբեր տեսակի չարաշահումներ են տեղի ունեցել: Պարզաբանումների արդյունքում՝ փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ («Յուրացնելը կամ վատնելը») եւ 325-րդ («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») հոդվածներով, եւ բոլորն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննության:
Ոստիկանություն նշեցին նաեւ, որ դա ներքին գրագրություն է, եւ ոստիկանությունը իր գործողությունների ընթացքում բոլոր մարմիններից կարող է պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն ուղարկել:

Թաղապետի հրապարակած լղոզված փաստաթղթից գտանք որոշ աշխատակիցների տվյալներ եւ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նրանք ներկայացել են Ոստիկանություն, եւ չլինի թե իսկապես այնտեղ «նախընտրական բացատրական աշխատանքներ» են տարվել իրենց հետ:
Պարզվեց՝ նրանցից ոմանք նույնիսկ մոռացել էին այդ գործերի մասին:  

Թիվ 10 դպրոցի գրադարանավարուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մեկնաբանությունը պարզ ջուրը պղտորել է նշանակում. այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։
 
«Ինձ ոչ ոք ոստիկանություն չի կանչել, եւ դա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի: Ընդամենը դպրոցից փաստաթուղթ են ուզել, դպրոցն էլ ներկայացրել է, որ ես եղել եմ հերթական արձակուրդի մեջ եւ բացակայել եմ երկրից: Ընդամենը ստուգվում էր՝ ես այդ օրերին աշխատավարձ ստացել եմ, թե ոչ»,- ասաց նա:

Թիվ 61 դպրոցի լաբորանտը եւս նշեց, որ ոստիկանություն չի ներկայացել, իրեն տնօրենն է տեղեկացրել գրության մասին: Պատճառը եւս քաղաքից երկար ժամանակով բացակայելն էր: